35-րդ անգամ անցկացվող Մոսկվայի միջազգային փառատոնն այս տարի բավականին հագեցած ու բովանդակալից ծրագիր ունի: Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են ու դեռ մինչ հունիսի 29-ը կցուցադրվեն շուրջ 350 ֆիլմեր:
Կինոփառատոնի «Գալա-պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված է ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը, որն ապրիլին Երեւանում անցկացված «Հայակ-2013» ազգային մրցանակաբաշխության ժամանակ հաղթող էր ճանաչվել «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմը պատմում է մի աղջկա՝
Էվրիդիկայի մասին, ով տառապում է մենակությունից եւ իր մենակությունը փարատում է համացանցի միջոցով, իսկ մի անծանոթ մարդ, ով կարող է փրկել աղջկա կյանքը, միեւնույն ժամանակ մեծ վտանգ է ներկայացնում նրա համար:
Հունիս 25-ին Մոսկվայում ռեժիսոր Մարիա Սահակյանը, դերասանուհի, ֆիլմի գլխավոր դերակատար Արինա Անդյուն, ինչպես նաեւ «Այդ ես չեմ» ֆիլմի պրոդյուսեր Վիկտորիա Լուպիկը հանդիպել են լրագրողների հետ ու խոսել ֆիլմի մասին:
Կարդացեք նաև
Փառատոնին ցուցադրվել է ֆիլմի վերամշակված տարբերակը: Մարիա Սահակյանը լրագրողներին հայտնել է, որ ֆիլմի մոնտաժը դեռ անցած տարի էին ավարտել, բայց գոհ չէին մնացել ձայնից ու մոնտաժի արդյունքից:
Սակայն, ինչպես ռեժիսորն է նշել, Լոնդոնի ու Գետեբորգի կինոփառատոներից ֆիլմը ցուցադրելու առաջարկներ են ստացել:
«Երբ մշակույթի նախարարությունը, մի քանի անգամ խնդրելուց հետո, մեզ տրամադրեց անհրաժեշտ գումար, մենք ֆիլմը ձեւափոխեցինք եւ հիմա արդյունքից գոհ ենք»,- ասել է ռեժիսորը:
Իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Արինա Անդյուն նշել է, որ ինքը նախկինում ծանոթ չի եղել հայ մշակույթին եւ միայն ֆիլմի նկարահանումների ընթացքում է հասցրել ծանոթանալ Հայաստանի մշակույթին ու մեծ տպավորություն ստանալ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ