Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը Տիգրան Սարգսյանին չհավատալու հիմքեր չունի

Հունիս 27,2013 14:07

ԱԱԽ քարտուղարը՝ ՎՊ-ի հաշվետվության, օֆշորային սկանդալի եւ ՌԴ-ի հետ «նոր որակի» հարաբերությունների մասին

-Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը խորհրդարանում բավականին բուռն քննարկումների առարկա դարձավ. Դուք ինչպե՞ս եք դիտարկում հաշվետվությունում առկա բացահայտումները: Պատրաստվո՞ւմ եք արդյոք հարցն Ազգային անվտանգության խորհրդի քննարկման առարկա դարձնել, քանի որ խոսքը պետբյուջեից 701 միլիարդ դրամի յուրացումների մասին է, պետբյուջեի 70 տոկոսի:

– Բյուջեի 70 տոկոսը չի կարող մսխվել, որովհետեւ դա նշանակում է, որ ոչ մի պետական ծառայող պետք է աշխատավարձ չստանար: Ես կարծում եմ, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը լի էր քաղաքական գնահատականներով, ինչը ճիշտ չէ: ՎՊ նախագահն էլ ընդունեց, որ պետք է զերծ մնալ քաղաքական գնահատականներից: Ինչ վերաբերում է ՎՊ-ի զեկույցում մատնանշված թերություններին, մենք մեր դիրքորոշումն արդեն արտահայտել ենք՝ պետք է փաստարկված, ըստ նախարարությունների ներկայացվեն չարաշահումները, ոչ թե ընդհանուր: Պետք է երեւա՝ ո՞ր նախարարությունը, ո՞ր ընկերությունն ինչ չարաշահում են թույլ տվել: Այդ դեպքում մենք այդ հարցը կդարձնենք քննարկման առարկա, նաեւ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի տվյալ մարդկանց պատասխանատվության ենթարկեն: Մենք հստակության կողմնակից ենք. ցավոք, այդ հաշվետվությունն այդ կերպ չներկայացվեց: Բայց ես կարծում եմ, որ համապատասխան եզրահանգումներ կարվեն, քանի որ ՎՊ-ում կա բավարար պրոֆեսիոնալ թիմ: Պարզապես խնդրի ուղղությունը պետք է փոխել եւ փաստարկված ներկայացնել:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՎՊ նախագահը հենց այդպես՝ փաստարկված չներկայացրեց հաշվետվությունը, այլ ընդհանրական արձանագրումներ արեց:

– Չգիտեմ: Գուցե չէ՞ր սպասվում նման բուռն քննարկում եւ արձագանք: Բայց չի կարելի ասել, որ բյուջեի 70 տոկոսը մսխվում է: Դա նշանակում է մի պարզ բան՝ որ մարդիկ աշխատավարձ չեն ստանում: Եթե կան չարաշահումներ, դրանք պետք է լինեն հասցեական եւ կոնկրետ:

– Վերջին շրջանում եւս մեկ աղմկահարույց իրադարձություն եղավ, այսպես կոչված՝ օֆշորային սկանդալը, որը կապվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ: Վարչապետը խորհրդարանում պարզաբանումներ ներկայացրեց. դրանք Ձեզ բավարարեցի՞ն:

– Ես կարծում եմ, որ բացատրությունները սպառիչ կլինեն, երբ վարչապետի դիմումի հիման վրա դատախազությունը համապատասխան ընթացակարգով գործողություններ իրականացնի եւ սպառիչ պարզաբանում տա: Բացի այդ, հայտնի անձի (Աշոտ Սուքիասյանի-Ն. Գ.) հարցով հարուցված է քրեական գործ, հայտարարված է հետախուզում, եւ բազմաթիվ հարցերի պատասխանը կտա նաեւ այդ քրեական գործի ավարտը: Ինքս հիմք չունեմ չհավատալու մեր երկրի վարչապետին՝ երկու պատճառով. նախ՝ նա ՀՀ վարչապետն է, երկրորդ՝ նա հստակ հայտարարություն է արել, դիմել է իրավապահ մարմիններին, հարուցված է քրեական գործ: Սպասենք դրա արդյունքներին:

– Հայտնի անձի՝ Աշոտ Սուքիասյանի ինքնախոստովանական նամակը Ձեր տպավորությամբ՝ չափազանց պարզունակ չէ՞ր:

– Այս փուլի համար կարող է, իսկապես, այդպես դիտարկվել: Բայց հայտարարված է հետախուզում, կատարվելու է քննություն:

– Նախօրեին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին, որը Դուք առանցքային որակեցիք՝ ասելով, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսպիսով նոր մակարդակի վրա են դրվում: Վերջերս ՌԴ-ն նաեւ Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն վաճառեց: Մտահոգիչ չէ՞, որ Մինսկի խմբի համանախագահ առանցքային երկիրը հետեւողականորեն սպառազինում է երկու երկրների, որոնք միմյանց հետ խնդիր ունեն:

– Ռազմական տեխնիկայի եւ ռազմամթերքի գնումը նախատեսված է համապատասխան միջազգային պայմանագրերով եւ յուրաքանչյուր երկրի ներպետական ընթացակարգերով: Ադրբեջանը մեծ քանակի սպառազինություն է գնել նաեւ Իսրայելից, Ուկրաինայից եւ այլն: Նույնը՝ ՀՀ-ն: Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝         ՌԴ-ի հետ մենք ունենք երկու միջպետական պայմանագրեր, որոնց շրջանակներում մենք մեր երկիր ենք ներկրում նորագույն սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա: Հասկանում եմ հարցի ենթատեքստը եւ ընդունում եմ, որ կա արդարացված պնդում: Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող ակնկալել, որ Մինսկի խմբի անդամ երկրները դադարեն սպառազինություններ վաճառել հակամարտող կողմերին: Դա շատ լավ ցանկություն է, բայց մենք դա չենք կարող կյանքի կոչել: Այդ երկրներն իրենք են որոշողը: Ապա՝ նաեւ Հայաստանի համար խնդիր կա, որովհետեւ մեր հիմնական ռազմավարական գործընկեը ՌԴ-ն է, եւ Հայաստանում ռազմական տեխնիկան գերազանցապես ռուսական արտադրության է:

– Վերջին շրջանում կարծես ակտիվացել են ռուսաստանցի պաշտոնյաների այցերը Հայաստան եւ հատկապես ռազմական ոլորտում տարբեր համաձայնագրերի ստորագրումը, նախ՝ ՌԴ անվտանգության քարտուղարի ղեկավարած պատվիրակության հետ, ապա նաեւ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Սրանք որեւէ կապ ունե՞ն վիլնյուսյան գագաթնաժողովում նախատեսվող ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ:

– ՀՀ-ն այսօր իրականացնում է բալանսավորված քաղաքականություն: Նման քաղաքականությունը չափազանց կարեւոր է, որովհետեւ մենք պետք է կարողանանք արդյունավետ համագործակցել եւ Եվրոպական միության, եւ ՌԴ-ի ու Եվրասիական միության հետ: Պետք է որդեգրենք «եւ»-ի, ոչ թե «կամ»-ի քաղաքականությունը, քանի որ առաջինը հնարավորություն է տալիս բոլորի հետ ունենալ ներդաշնակեցված հարաբերություններ: Ամեն մի ուժային կենտրոնի հետ կա իր ռազմավարական ուղղվածությունը: Հայաստանի համար այսօր գերագույն խնդիրն անվտանգության ապահովումն է, եւ կարծում եմ՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս հարցում ՌԴ-ն մեր թիվ մեկ գործընկերն է: Իհարկե, շատ բարդ է անել այնպես, որպեսզի մեր դիրքորոշումներն ընկալելի լինեն բոլոր կողմերի համար: Բայց մենք փոքր երկիր ենք եւ պետք է կարողանանք թելերը չկտրել աշխարհի ուժային կենտրոնների հետ, կարողանանք մեր գործընկերներին շիտակ ներկայացնել մեր մոտեցումները: Առայսօր կարծես հաջողվում է:

Իսկ այցերը պլանավորված էին: Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած 25 հոգանոց պատվիրակության կազմում ներկայացված էին ՌԴ գործադիր իշխանության 11 ճյուղերի ներկայացուցիչներ: Այցը բավականին արդյունավետ էր. Գյումրիում տեղակայված թիվ 102 բազա մեր կատարած այցից հետո որոշում կայացվեց բազան արդիականացնել, ինչը տեղ գտավ ստորագրված փաստաթղթերում: Սա չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի՝ սպառազինություններով համալրման տենդը: Ի դեպ, Հայաստանը կլինի միակ երկիրը, որտեղ «Ռոսգրանիցան» կունենա իր ներկայացուցչությունը: Դա հնարավորություն կտա Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմանները ժամանակակից տեխնոլոգիաներով արդիականացնելու: Ամենաառանցքայինը ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրն էր: Սա ինչ-որ իմաստով բացառիկ պայմանագիր է: Այն բավականին լուրջ հնարավորություններ է տալիս Հայաստանում ռազմական արդյունաբերության ոլորտը զարգացնելու հարցում: ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է ռազմաարդյունաբերության պետական հանձնաժողով, որը գլխավորում եմ ես, իսկ ռուսական կողմի հետ ստորագրված պայմանագիրը հնարավորություն կտա ռազմական արդյունաբերության ոլորտում Հայաստանում լուրջ զարգացումներ արձանագրել: Ոլորտի ամբողջական խնդիրների փաթեթն այս պայմանագրով հստակեցված է:

Կարեւոր է նաեւ այն, որ ՀՀ արտակարգ իրավիճակների ոլորտում մեր երկրում կստեղծվի նոր հումանիտար կենտրոն, որը կունենա տարածաշրջանային նշանակություն: Ստեփանավանի օդանավակայանը շուտով կառավարության որոշմամբ կտրվի ԱԻՆ-ին: Ստեղծվելու է մեծ ենթակառուցվածք, որը տարածաշրջանում արտակարգ իրավիճակների ոլորտում մարդասիրական օգնություն եւ օժանդակություն կցուցաբերի: Սա նաեւ մեր փրկարարական ստորաբաժանումները հզորացնելու հնարավորություն է: Խոսքը խոշորածավալ ներդրումների մասին է: Բազան կենտրոնացված է լինելու Բալահովիտում: Հայաստանում կստեղծվի «ՀայՌուսպետռեզերվ» կազմակերպությունը: Հայկական կողմից ներդրվելու են Գագարին ավանի մեր ենթակառուցվածքները: Սա նշանակում է ոչ միայն տեխնիկայի, սննդամթերքի, այլեւ բազմաթիվ այլ բաղադրիչների կուտակում Հայաստանի տարածքում՝  ՌԴ-ի պահուստային միջոցներով: Սա հատկապես կարեւոր է մեր անվտանգության համար: Բերեմ մեկ օրինակ. վրաց-ռուսական պատերազմը եթե եւս երկու օր շարունակվեր, մեր երկրում այլեւս ոչ ալյուր կար, ոչ էլ վառելիք: Այս ենթակառուցվածքը կարող է կիրառվել նաեւ տարածաշրջանային նշանակությամբ, ու այս ծրագրում Հայաստանն առաջին անգամ դառնում է դերակատար՝ մեր երկիրը  ՌԴ-ի հետ որոշում է կայացնելու մեկ այլ երկրի՝ ինչ-որ բան տալ-չտալու մասին: Սա նաեւ երկրի դերակատարության մեծացում է:

Շատ լուրջ եւ երկարաժամկետ համագործակցության փաստաթուղթ ստորագրվեց նաեւ Բյուրականի աստղադիտարանի արդիականացման վերաբերյալ: Տեղադրվելու են աշխարհում եզակի դիտարաններ. խոսքը 3 հազար մետր բարձրության վրա գերժամանակակից դիտակներ տեղադրելու մասին է, որոնք տիեզերական անվտանգության նշանակություն են ունենալու: Մյուսը Գառնիի դիտարանի արդիականացումն է: Հայաստանում նաեւ արտադրություն է կազմակերպվելու «Ռոսկոսմոսի» արտադրության համար: Սրանք բոլորը եւ անվտանգության, եւ զբաղվածության, եւ ֆինանսական հոսքերի խնդիր են լուծում Հայաստանի համար:

Այս ամենով, կարծում եմ, ՌԴ-ն նաեւ ցույց է տալիս, որ Հայաստանն իր համար մնում է ուշադրության եւ շահերի կիզակետում՝ փաստելով, որ Հայաստանը միակ հուսալի գործընկերն է ՌԴ-ի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող բարդ գործընթացները:

– Մոտ տասը տարի առաջ երբ ստորագրվում էր «Գույք՝ պարտքի դիմաց»-ը, հայաստանյան պաշտոնյաները դարձյալ ոգեւորությամբ էին ներկայացնում մեր երկրի շահն ու ակնկալվող օգուտները: Արդյունքում այդ գործարանները ցայսօր պարապուրդային վիճակում են: Որո՞նք են երաշխիքները:

– Այս դեպքում պարտքի դիմաց որեւէ բան չի տրվում, այլ համատեղ կառավարման ենթակառուցվածքներ են ստեղծվում, որտեղ մենք որոշումներ կայացնելու իրավասություն ունենք: Ինչ վերաբերում է նախորդ գործարքին՝ թեեւ շատ բաներ իմ մանդատից դուրս են, բայց ես այդ նախաձեռնությամբ հանդես եկա, եւ առաջիկայում մենք ուսումնասիրելու ենք այդ ձեռնարկությունների պոտենցիալը եւս: Դրանցից որոշներն այս կամ այն չափով աշխատում են, բյուջեին հարկեր են վճարում, բայց որ դա այն չէ, ինչ սպասումներ մենք ունեինք՝ դա պարզ է: Առաջիկայում նաեւ դրանցով կզբաղվենք:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930