Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախաձեռնությունը կազմակերպված բնույթ է կրել, ինքնաբուխ չի եղել»

Հունիս 27,2013 13:55

ՀՔԱՎ-ը երկրորդ անգամ  է դատարանում վիճարկում կազմակերպության վրա նախորդ տարվա ապրիլի 16-ի հարձակման շրջանակներում քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կրկին քննվում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության բողոքը՝  կազմակերպության վրա անցած տարվա ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից կատարած հարձակման գործի շրջանակներում Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:

2012 թվականի ապրիլի 16-ին, բողոքելով ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության դեմ, վանաձորցիները հարձակվել էին  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա: Արդյունքում՝ գրասենյակի գույքը վնասվել էր, աշխատակիցներից մեկի առողջությանն էլ վնաս էր պատճառվել:

Վերոնշյալ հանգամանքների կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմքերի բավարար լինելը եւ առիթի օրինականությունը ստուգելու նպատակով՝ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել:

Նախապատրաստված նյութերի համաձայն` երթի մասնակիցներից ոչ մեկի արարքում հանցակազմ չի հայտնաբերվել, եւ այն բացակայելու հիմքով, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ երթի մասնակիցների կողմից դիտավորությունն ուղղված չի եղել հասարակական կարգը խախտելու, հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք չի դրսեւորվել, կազմակերպիչների եւ մասնակիցների գործողությունները պայմանավորված են եղել իրենց ազգային արժանապատվությունը պահելու, եւ հենց այդ պատճառով էլ կազմակերպվել է խաղաղ երթ, նախաքննական մարմինը մերժել է քրգործ հարուցել:

Չնայած նրան, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՔԱՎ-ի բողոքը եւ գործն ուղարկել նոր քննության` գտնելով, որ նախաքննական մարմինը իրավաչափ քննություն չի իրականացրել, որոշման իրավական ուժ ստանալուց հետո հարուցված քրեական գործը կրկին կարճվել էր:

Այժմ ՀՔԱՎ-ը երկրորդ անգամ դատարանում վիճարկում է քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

«Երկրորդ փուլով ենք գնում բողոքարկելու քննիչի կողմից կայացրած որոշումը, բայց նաեւ բողոքում արձանագրում ենք, որ քննություն իրականացնող մարմնի կողմից պատշած քննության առարկա չի դարձվել այն հանգամանքը, որ երթի մասնակիցները ոչ թե ինքնաբուխ են դուրս եկել երթի, այլ դրան նախորդել են մի շարք կազմակերպչական գործողություններ, որոնք էլ իրենց տրամաբանությամբ միտված են եղել ստեղծելու միավորում` ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տարածքը Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին  տրամադրելու գործողության: Իսկ Քրեական oրենսգրքում հստակ սահմանվում է, որ արգելվում է միավորումներ ստեղծել, որոնք ուղղված են այլ անձանց իրավունքների կամ շահերի դեմ»,- «Առավոտի» հետ  զրույցում ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ մանրամասնելով, որ մինչեւ երթը մի շարք հասարակական կազմակերպություններ եւ քաղաքական ուժերի տեղական կառույցներ «Կոչ լոռեցիներին» վերնագրով հայտարարություն էին տարածել եւ շտապ հավաքի նախաձեռնությամբ դիմում ներկայացրել Վանաձորի քաղաքապետարան:

«Այսինքն` նախաձեռնությունը կազմակերպված բնույթ է կրել, ինքնաբուխ չի եղել: Նախաքննական մարմինը այդ հանգամանքին եւս ուշադրություն չի դարձրել, այն դեպքում, երբ մի միավորում ստեղծվել է մեկ այլ միավորման գործունեության դեմ»,- ասում է Արթուր Սաքունցը:

Դատարանում կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանն էլ բարձրաձայում է, որ քննությունը բացառապես ընթացել է երթի մասնակիցների գործողություններում խուլիգանության հանցակազմի լինել-չլինելու հարցի շրջանակներում, մինչդեռ  բոլորն էլ տեղյակ են, որ այդ օրը որեւէ մեկը հասարակության դեմ ուղղակի դիտավորությամբ որեւէ գործողություն չի կատարել:

«Խուլիգանություն, իհարկե, չկա: Ով չգիտի, որ  չկա: Դիտավորությունը եղել է ուղղված կազմակերպության գործունեությանը` իրավունքներից հրաժարվելու ուղղությամբ»,- ասում է Կարեն Թումանյանը՝ մասնավորեցնելով, որ նախաքննական մարմինը պարտավոր է բոլոր վարկածների եւ բոլոր հիմքերի ուղղությամբ քննություն իրականացնել:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930