Լրահոս
Օրվա լրահոսը

17 անձի հարցաքննել են նույն օրվա նույն ժամի՞ն

Հունիս 27,2013 13:16

Գեւորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանների շահերի պաշտպան Վահագն Մանուկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ռ.Սարդարյանի մայիսի 30-ի որոշման հետ կապված:

Փաստաբանը խնդրում է քննիչի որոշումը վերացնել եւ մինչդատական վարույթ իրականացնող մարմնին հանձնարարել քրեական գործի նախաքննությունը վերսկսել:

Այս գործի նախապատմությանն անդրադարձել է նաեւ Aravot.am-ը:

Սյունիքի մարզի դատարանում քննվող քրեական գործով ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, Գրիգոր Պապյանի սպանության փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ:

Գեւորգ Թոսունյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ, հայտարարվում հետախուզում: Գ.Թոսունյանը կամավոր ներկայանում է քննությանը եւ ներկայանալու օրն էլ՝ 21.08.2012թ., նրան մեղադրանք է առաջադրվում, կալանավորումը փոխվում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով:

Գործն ուղարկվում է ոստիկանություն, եւ 06.09.2012թ.-ին ձերբակալվում է Գեւորգը:

Պաշտպան Վահագն Մանուկյանը գլխավոր դատախազին ուղղված նամակում տեղեկացնում է, որ որոշում է կայացվում նաեւ Կարապետ, ապա Ջորջ Թոսունյաններին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու մասին նույնպես:

Հետագայում փոխվում է Գեւորգ Թոսունյանին առաջադրված մեղադրանքը, ապա առանձնացվում է Կարապետ, Ջորջ, Գեւորգ Թոսունյանների քրեական գործի մասը:

Այս տարվա մայիսի 2-ին քրեական գործի նախաքննության ավարտի մասին տեղեկացվում է պաշտպանական կողմին:

Պաշտպան Վահագն Մանուկյանը միջնորդում է քրեական գործի նախաքննությունը վերսկսել, լրացնել, քննությամբ ձեռք բերված ապացույցներն անճանաչելի համարել:

Սակայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Ռ.Սարդարյանի կողմից այն մերժվում է:

Պաշտպանը բերում է 27 կետից բաղկացած խախտումներ, որը թույլ է տվել նախաքննությունն իրականացնող մարմինը:

Մասնավորապես,  ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանի գրությամբ նախաքննական մարմնին են տրամադրվել հեռախոսազրույցների գաղտնալսումների 118 թերթից բաղկացած նյութերն ու 7 լազերային սկավառակ, սակայն պաշտպանական կողմին դրանք չեն տրամադրվել:

Փաստաբանն ամենից զավեշտալին համարում է ծանուցագրերի ծանոթանալուց հետո իր դիտարկումները:

Նախաքննություն իրականացնող մարմինը 17 վկայի կանչել է հարցաքննության՝ նույն օրը նույն ժամին: Այդ թվում՝ Հակոբ եւ Գեւորգ Թոսունյաններին:

Քննչական խումբն էլ 10 հոգուց բաղկացած է եղել: «Այդ հանգամանքը իր հերթին հաստատում է նշված քննչական գործողության ապօրինի լինելու մասին»,-ասում է փաստաբան Վ.Մանուկյանը:

Պաշտպանը գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրում իր պաշտպանյալի՝ Կարապետ Թոսունյանի ձերբակալմանը: Ըստ նրա, գործի նյութերից չի երեւում, թե Կարապետ Թոսունյանը փաստացի որտեղ է ձերբակալվել, չի բացատրվել նրա իրավունքները, նա պաշտպան չի ունեցել:

Ավելի խայտառակ բացթողում էլ կար այս գործով. խափանման միջոց են ընտրել Կարապետ Թոսունյանի նկատմամբ, հետագայում մոռանում են ստորագրել այդ դատավարական կարեւոր փաստաթղթի տակ:

Պաշտպանական կողմը հիշեցնում է, որ այս գործով հետապնդում է իրականացվում Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալի, քննիչի, ոստիկանության բաժնի պետի տեղակալի, դատական բժիշկ-փորձագետի նկատմամբ, նրանց նկատմամբ չկա գլխավոր դատախազի հանձնարարությունը գործը քննելու կապակցությամբ, մինչդեռ զինծառայող Ջորջ Թոսունյանի վերաբերյալ այն առկա է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930