Երեկ Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տարածքում դանակահարել են «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գեւորգյանին:
Վերջինս, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմում են դանակահարությունից հետո դասախոսին տեսած մարդիկ, արյունաքամ վիճակում հասցվել է հիվանդանոց: «Ես այդքան արյուն չեմ տեսել, միայն կինոներում: Սարսափելի էր, խեղճը պառկած էր մեջքի վրա, գույնը՝ դեղին: Որ հիշում եմ, փշաքաղվում եմ: Այդ տեսնելով մտածեցի, որ վերջ, բայց, բարեբախտաբար, այժմ ամեն ինչ կարծես նորմալ է , վիրահատությունը բարեհաջող է անցել“,-ասում է մեր զրուցակիցը:
«Ես այդքան արյուն մենակ պատերազմի ժամանակ եմ տեսել»,-ասում է մեկ այլ զրուցակից:
Կարդացեք նաև
Նրանց պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել անբավարար գնահատական նշանակելու համար, կատարողն էլ ուսանողներից է:
«Իրանց միջից է, ուսանող է անողը»:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ դանակահարությունը կատարել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը: Դանակահարությունը տեղի է ունեցել դասախոսի կողմից դանակահարողի ընկերուհուն գնահատական չնշանակելու համար:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ակսել Մխիթարյանը մեղայականով ներկայացել է Վանաձորի ոստիկանություն:
ՀԳ. Արյան հոտը մինչ այս պահը զգացվում է դեպքի վայրում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ