Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ պետը` կադրային ջարդի, աղմկահարույց գործերի ու Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանության վերաբերյալ

Հունիս 27,2013 12:35

Հատուկ քննչական ծառայությունում քննվող աղմկահարույց գործերի, ծառայության առաջիկա տարիների գերխնդիրների, կադրային ջարդի ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան շրջակայքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:

Պրն Շահինյան, Ձեր պաշտոնավարման ընթացքում արդեն մի շարք աշխատակիցների եք հեռացրել, արդյո՞ք, դա կադրային ջարդ չի ենթադրում։

– Ծառայության որոշ աշխատակիցների՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը բնավ կադրային ջարդ չի ենթադրում։ Ասեմ, որ պարզապես ոմանք անցել են երկարամյա ծառայության կենսաթոշակի, ոմանք էլ՝ ցանկություն են հայտնել տեղափոխվել այլ աշխատանքի։

Պաշտոնավարման առաջին իսկ օրը հրավիրված խորհրդակցության ժամանակ աշխատակիցներին ասել եմ, որ զուտ Ծառայության ղեկավարի փոփոխությունը բացասաբար չի անդրադառնալու որևէ մեկի վրա, միաժամանակ նրանց առջև հստակ պահանջ է դրվել ունենալ այն որակները և բավարարել այն պահանջներին, որոնց մասին արդեն նշեցի։ Բացի այդ, Ծառայությունում օրենքի ուժը պետք է իրացնել ուժի չդիմելով, նախապատվությունը ավելի շատ տալ ինտելեկտուալ, հոգեբանական լծակներին, որոնց շնորհիվ նաև մարդկանց վստահությունն է աճում Հատուկ քննչական ծառայության հանդեպ: Սա ինքնուրույն ձեռքբերում է, և ասեմ, որ այն դարձել է Հատուկ քննչական ծառայության գործելաոճը:

Մամուլով և էլեկտրոնային լրատվամիջոցներով հաճախ է քննադատություն հնչում Հատուկ քննչական ծառայության հասցեին, որ վերջինս չի զբաղվում այս կամ այն պաշտոնատար անձանց ունեցվածքի ձեռք բերման օրինականության ստուգմամբ, որոնց թվում հիշատակվում են հատկապես Երևանի քաղաքապետն ու ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը։

– Հաշվի առնելով հարցի կարևորությունն ու դրա շուրջ ձևավորված հասարակական մեծ հնչեղությունը, առավել խորությամբ ու սպառիչ պատասխանելու համար կուզեի նախ վերլուծել քրեադատավարական օրենսգրքում ամրագրված՝ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ երկու պայմանների՝ առիթների ու հիմքերի հասկացությունները, ինչպես նաև այդ կապակցությամբ քրեական դատավարության իրավունքի գիտության մեջ ընդունված մոտեցումները, քանզի հարցը շատ նեղ, մասնագիտական բնույթ ունի, որի պատճառով հանրության շրջանում այն տարաբնույթ մեկնաբանությունների ու թյուր ըմբռնումների տեղիք է տվել:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը թեև դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին պարտավորեցնում է իրենց իրավասության շրջանակներում քրեական գործ հարուցել օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում և սպառիչ կերպով սահմանում է այդ առիթները, սակայն, ցավոք, այն, ի տարբերություն նախկին օրենսգրքի, որևէ կերպ չի անդրադառնում քրեական գործ հարուցելու հիմքերին ու չի տալիս վերջիններիս օրենսդրական բնորոշումը։

Մասնավորապես, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ քրեական գործ հարուցելու առիթներն են հանցագործության մասին ֆիզիկական և իրավա­բա­նական անձանց, ինչպես նաև լրատվական միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը:

Հանցագործության մասին հաղորդումը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, իրենից ներկայացնում է ֆիզիկական, իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նա­խա­պատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ:

Այսինքն՝ առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մար­մին­­նե­րին և պաշտոնատար անձանց կատարել գոր­ծողութ­յուն­ներ, որոնք իրենց ամբողջականությամբ ներկայացնում են քրեական դատավա­րութ­յան սկզբնական փուլում իրականացվող գործողությունների բովանդակությունը:

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու հիմքերին, ապա դրանց բնութագիրը տրվում է քրեական դատավարության իրավունքի գիտության կողմից, ըստ որի քրեական գործ հարուցելու հիմքը հանդիսանում են կոնկրետ հանցա­գոր­ծութ­յան հատկանիշներ մատնանշող բավարար տվյալները։ Քրեական գործ հարուցելու հիմքի այս բնորոշումն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման մեջ։

Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցա­գոր­ծութ­յան հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության մասին:

Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մեր­ժելու որոշում ընդունելու համար: Այսինքն` քրեական գործ հարուցելու հիմք կարող է հան­դի­սանալ ոչ թե ցանկացած, դեկլարատիվ ու չփաստարկված, սոսկ հռետորական հայտարարությունը, այլ միայն կոնկրետ հանցագործության մասին բավարար տվյալներ մատնանշող հաղորդումը:

Մինչդեռ Ձեր հարցում նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ լրատվա­միջոցների հրապարակումները հանցագործության հատկանիշներ մատնանշող, նա­խա­պատ­րաստ­վող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չեն պա­րունակել, ուստի այդ կապակցությամբ քրեադատա­վա­րական բնույ­թի որոշումներ չէին կարող կայացվել:

Պարոն Շահինյան, գիտեմ, որ Հատուկ քննչական ծառայությունում է քննվում նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ ստեղծված ֆինանսական բուրգի պատմությունը։ Ի՞նչ փուլում է այս քրեական գործը։ Արդյո՞ք քրեական գործով կան մեղադրյալներ: Հետաքրքիր է՝ նրանց շարքում չկա՞ն հանրությանը հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ։

– Այսպես կոչված, ֆինանսական բուրգի վերաբերյալ քրեական գործն իր բնույթով բարդ է ու բազմադրվագ, և քննությունը մեծ ուժեր ու տևական ժամանակ է պահանջում։ Ասեմ, որ քրեական գործով կազմվել է քննչական խումբ։ Նկատի ունենալով, որ նախաքննությունը գտնվում է ապացույցների հավաքման փուլում, նաև անմեղության կանխավարկածից ու նախնական քննության տվյալների հրապարակ­ման անթույլատրելիությունից ելնելով՝ առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կասեմ, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան։

Օրեր առաջ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետը հայտարարեց, որ կատարված ստուգումներով պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի համայնքներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման ընթացքում հայտնաբերվել են չարաշահումների դեպքեր և ստուգումների նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Այդ նյութերն արդյո՞ք ստացվել են, և ինչպիսի՞ն է լինելու Ծառայության մոտեցումը հիշատակված չարաշահումներին։

– Ասեմ, որ արդեն հարուցվել է չորս քրեական գործ ՀՀ Կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առիթով:

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, նաև Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն բնույթի հանցագործությունների վերաբերյալ մայիսի 3-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում:

Այդ քրեական գործով ներկա դրությամբ մեղադրվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ինչպես նաև Վայոց ձորի նախկին մարզպետի մտերիմ անձանցից մեկը, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը վերականգնելու (ներկա դրությամբ վերականգնվել է շուրջ 8 մլն դրամ), ինչպես նաև չարաշահումներին մասնակից մյուս պաշտոնատար անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ։

Միջազգային կառույցների կողմից մեր պետության առջև պարտավորություններ են դրվել ոստիկանության և քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների և այլ դաժան,անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կապակցութ­յամբ գործերի քննության արդյունավետության բարձ­րաց­ման և դրանց դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության առումով։ Նման բնույթի գործերով ՀՔԾն զբաղվու՞մ է ։

– Նախ նշեմ, որ արդեն 20 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը միացել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, և ոստիկանության ու պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է հենց Հատուկ քննչական ծառայությունը և այդ բնույթի գործերի քննությունը դարձել է Ծառայության գործու­նեութ­յան կարևոր գործառույթներից մեկը։

Ունենք այդ կապակցությամբ հարուցված քրեական գործեր և բազմաթիվ նյութեր։ Բոլոր գործերով և նյութերով աշխատում ենք ապահովել արդյունավետ և անաչառ քննություն, հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի սահմանած չափանիշները:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ խնդրի կարևորությունը գիտի նաև ՀՀ ոստիկանության ղեկա­վարությունը, որը միանշանակ համակարծիք է մեզ հետ այն հարցում, որ բռնությամբ, խոշտան­գումներով, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբեր­մունքով հան­ցագործությունների բացահայտումն անթույլատրելի ու անընդունելի է, և համատեղ ջանքերով մենք պետք է փորձենք ի սպառ վերացնել նման անթույլատրելի դրսևորումները և ապահովենք ՄԱԿ-ի վերոհիշյալ Կոնվենցիայի արդյունավետ կիրա­ռու­մը։

Պարոն Շահինյան, և թերևս վերջին հարցը։ Հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնո՞ւմ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան շրջակայքում տեղի ունեցած աղմկոտ սպանության պատմությունը։

– Նկատի ունենալով, որ հիշատակված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունը չի իրականացնում, ուստի նպատակահարմար չեմ համարում անդրադարձ կատարել այլ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությանը։

Հարցազրույցը վարեց Վարդան Սարգսյանը

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930