այաստանի ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հաստատում է լրատվամիջոցների տեղեկությունները, որ դուրս է եկել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից (ՍԴՀԿ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գուրգեն Եղիազարյանը: «Ինչպես կարող եմ լքել մի կուսակցություն, որը դե յուրե գոյություն չունի: Այսօր ՀՀ իշխանությունները հանիրավի, խախտելով օրենքը, թեեւ օրենքը փոքր բան է, ամեն օր են խախտում, մարդկային կանոնները, կեղծ փաստաթղթերով արդեն 2 տարի է` գրանցել են Պերկուպերկյանին (ՍԴՀԿ ատենապետը-խմբ): Հարգելով հնչակյան գաղափարախոսությունը` ուղղակի որոշում եմ կայացրել էլ մասնակից չլինել այդ խժդժություններին»,- նշեց նա:
Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ այդ որոշումը ավելի վաղ էր կայացրել, պարզապես տարբեր ներքին խնդիրներ կային: ՍԴՀԿ-ից դուրս գալը դեռ չի նշանակում, որ Գուրգեն Եղիազարյանը հոգնել է պայքարից: «Ես դուրս չեմ գալիս պայքարից, միտք էլ չունեմ, ես պայքարելու եմ մինչեւ այն պահը, որ Հայաստանում լինի օրինական իշխանություն, ի վերջո էլ մարդ չի մնացել, կանգնեցնենք այս հայաթափումը, կանգնեցնենք այս աղքատների օր օրի աճող բանակը: Իշխանությունը, իմանալով, որ մենք զինված պայքարի չենք գնա, իրեն այդպես է պահում, իսկ մենք չենք գնում զինված պայքարի ոչ թե իրենց գեղեցիկ աչքերի համար, այլ մեր հարեւանների պատճառով, արտակարգ դեպքում սրանք մեկ օր էլ չեն մնա»,- նշեց նա:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով` բռնապետությունում կա հրահանգ եւ կա կատարում, հարյուրավոր օրինակներ կան, թե ինչպես է իրագործվում Հայաստանում արդարադատությունը եւ ինչպես է իրականանում հեռախոսի իրավունքը, «դե յուրե ՍԴՀԿ-ն չկա, մի հատ երեխա են գրանցել` Պերկուպերկյան ազգանունով»: