Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում անլուրջ համարեց ՀՀ վերահսկիչ պալատի աղմկահարույց յուրացումների մասին վերջին բացահայտումները: «Եկեք շատ հեռու չգնանք, խոսենք մեր քաղաքի` Գյումրիի օրինակով. Վերահսկիչ պալատը, մի քանի տարի առաջ Գյումրու քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելով, խայտառակ փաստեր հրապարակեց, ամբողջ մամուլը լցված էր դրանցով, ո՞վ պատասխանատվության ենթարկվեց, որ… Մեր իշխանությունները նույնիսկ գավառային պաշտոնյայի չեն պատժում, էլ ո՞ւր մնաց Երևանում իրենց շքեղ կաբինետներում նստած որևիցե պաշտոնյայի: Եթե գավառային պաշտոնյային պատժեին այդ ցնցող խարդախությունների համար, հիմա վերևներում ավելի զուսպ կլինեին: Այնպես որ սա առաջին դեպքը, որ Վերահսկիչ պալատը խայտառակ փաստեր է բերում, խոսում ու անցնում է»:
Իշխան Զաքարյանի ելույթն ունկնդրած ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, մասնավորապես ՀԿԿ-ականների զարմանքն ու թալանչիների հասցեին հնչեցրած նրանց քննադատություններն էլ, ըստ քաղաքագետի, պայմանավորված էր հետևյալ սկզբունքով. «Մենք նախահարձակ լինենք, որ հանկարծ մեզ չմեղադրեն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ