Քիչ առաջ կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի հայտարարություն կատարեց: Մասնավորապես վարչապետը նշեց, որ քաղաքացիներից ստացած նամակների հիման վրա հիմք կա մտածելու, որ միջին օղակի չինովնիկները չեն տիրապետում իրենց աշխատանքին եւ իրենց դիմած քաղաքացիներին պատասխանում են՝ «մենք ինչ անենք, կառավարությունն է նման որոշում ընդունում»: Վարչապետի խոսքերով՝ սա նշանակում է, որ այդ չինովնիկները փոխանակ իրենց լիազորությունները կատարեն եւ քաղաքացիների խնդիրները լուծեն, դիտավորյալ ուղղորդում են քաղաքացիներին կառավարության մոտ ցույց անելու, կամ էլ պարզապես չեն տիրապետում իրենց լիազորություններին»: Տիգրան Սարգսյանը հանձնարարեց քաղաքացիների բողոքներն ուղարկել համապատասխան գերատեսչություններ:
Վարչապետն ասաց, որ որեւէ հարց անպատասխան չպիտի մնա, եւ հանձնարարեց նաեւ «Հազարամյակի մարտահրավերների» վերաբերյալ էլ մանրակրկիտ պատասխան տալ լրատվամիջոցներին: Մասնավորապես, ըստ վարչապետի, ամիսներ առաջ 14 միլիոն դոլար է տրամադրվել միայն դասախոսությունների համար, ինչը տարբեր հրապարակումների եւ մեկնաբանությունների տեղիք 1 տվել: Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, քանի որ այս թեման կրկին արծարծվում է, այսօր մանրակրկիտ պատասխան կտրվի լրատվամիջոցներին եւ «Հազարամյակի մարտահրավերների» դրամաշնորհով 14 միլիոն դասախոսությունների եւ պայմանագրերի վերաբերյալ բացատրություններն ու պատասխանները կտրվեն: Վարչապետն այս թեմային լրատվամիջոցների կողմից անդրադառնալը համարեց ինչ-որ միտում եւ ենթատեքստ տեսավ դրանց տակ:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ «Նաիրիտին», նշելով, որ անհասկանալի սցենարներ են գրվում.»Մեծ ռեսուրսներ են ծախսվում, անհասկանալի սցենարներ ու կապում վարչապետի հետ: Բոլոր ծրագրերը, որ կան ունեն հիմքեր, դրանք կառավարության որոշումներն են, երբ 2006 -ին «Ռայնօվիլի» հետ պայմանագիր են ստորագրել: Ես հանձնարարել եմ ամբողջական փաթեթը տրամադրել եւ ամբողջական տեղեկատվություն է տրամադրվելու լրատվամիջոցներին: Որեւիցե հարց չի լինելու եւ հետաքննող լրագրողները, եթե բարեխիղճ լինեն, կկարողանան թացը չորից տարբերել: Օֆշորի մասին ինչ հեքիաթներ ասես, որ չեն հորինում, փորձելով վարկաբեկել»:
Տիգրան Սարգսյանը, ինչպես որ նախորդ նիստին հանձնարարել էր պատասխանել Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումներին տալ պատասխան, այսօրվա նիստին եւս մեկ անգամ անդրադարձավ եւ նորից հանձնարարեց բոլոր գերատեսչություններին ներկայացնել հաշվետվություններն ու լրատվամիջոցներին պարզաբանումներ տալ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ