Երեկ խմբագրություն զանգահարած մանկավարժության դոկտոր Սերգեյ Մանուկյանը պնդում էր, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին արված նկատողության, ինչպես նաեւ նրան պաշտոնից հեռացնելու դրդապատճառն այն է, որ Ղուկասյանը չի հաստատում Աշոտյանի տեղակալ Մանուկ Մկրտչյանի դոկտորականը։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին՝ հանձնարարականները թերի կատարելու համար։ Իսկ Ղուկասյանը պնդում է, որ նկատողությունն անհիմն ու ոչ իրավաչափ է։ «Պատճառն այն է, որ հոկտեմբերի 26-ին Արմեն Աշոտյանի տեղակալ Մանուկ Մկրտչյանը «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը եւ պրակտիկան» թեմայով դոկտորական դիսերտացիա է պաշտպանել, սակայն ԲՈՀ-ը չի հաստատում, քանի որ այն աղետ է մեր դպրոցների համար»,- ասաց Սերգեյ Մանուկյանը՝ մանրամասնելով, որ Մկրտչյանի դոկտորականի հիմնական միտքն այն մանկավարժական մեթոդն է, ըստ որի, ուսուցիչն այլեւս դպրոցում չպետք է դաս բացատրի, քանի որ նա պրոֆեսիոնալ է, եւ նրա բացատրածը երեխան չի ընկալում։ Փոխարենը երեխաները պետք է իրար դաս բացատրեն։
«Դա իսկական աղետ է։ Նրանք ուզում են քանդել մեր դպրոցները։ Պարզապես զարմանալին այն է, թե ինչպես են 3 դոկտորներ դրական կարծիք տվել դրան»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ ինքը Մկրտչյանի դոկտորականի վերաբերյալ 33 էջանոց բացասական կարծիք է գրել ու ուղարկել ԲՈՀ՝ հիմնավորելով, որ «դիսերտացիան հիմարություն է»։
«ԲՈՀ-ի նախագահը նույնիսկ ճնշումներից հետո չի հաստատում դոկտորականը, եւ որոշում են կայացրել իրավիճակը փրկել՝ Ղուկասյանին հեռացնելով։ Ղուկասյանին հեռացնում են ԲՈՀ-ի նախագահի պաշտոնից, նշանակում են նոր նախագահ, եւ նա արդեն հաստատում է Մանուկ Մկրտչյանի դիսերտացիան։ Իսկ նոր նախագահ գտնելը դժվար չէ»,- ասաց Սերգեյ Մանուկյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում