Ինչպես ամեն տարի, այս տարի եւս իրականացվում է ուսուցիչների հերթական ատեստավորման եւ վերապատրաստման գործընթացը։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ այն իրականացնում են առանց միջոցներ ծախսելու։ Եթե նախորդ տարիներին վճարվել են եւ վերապատրաստողը, եւ վերապատրաստվող ուսուցիչը, անգամ ճաշի ու սուրճի ընդմիջման փող է եղել, ապա այս տարի գործը մնացել է Կրթության ազգային ինստիտուտի հույսին։ Իսկ «Հանրակրթության մասին» օրենքով «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան»։
Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, Ազգային ժողովում օրեր առաջ փորձեցինք պարզել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից։ Սակայն նա խուսափեց այդ թեմայով զրուցել։ Ընդամենը ասաց՝ որքան էլ կարեւորում են դա, սակայն համապատասխան գումար չկա։ Փորձեցինք պարզել, թե ինչու չկա, ու ինչպես է եղել նախկինում, բայց նախարարը, տեսնելով ձայնագրիչը, այլեւս հրաժարվեց խոսել՝ հրահանգելով գրավոր հարցում ուղարկել։ Իսկ գրավոր հարցումներին, որպես կանոն, ուղարկում են շաբլոն ու թերի պատասխաններ։ Նախարարի զգուշավորությունը մեզ ստիպեց այս թեմայով ավելի մանրամասն հետաքրքրվել ու պարզել, թե ինչը նրան հունից հանեց։
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը համաձայնեց թեմայի շուրջ զրուցել՝ ընդգծելով, որ ինքը խոսելու է ոչ թե որպես ԿԱԻ-ի փոխտնօրեն, այլ կրթության ոլորտի փորձագետ՝ հիմնվելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ 2013 թվականի ուսուցիչների վերապատրաստման համար բյուջեով նախատեսված գումարի վերաբերյալ կառավարությանն ուղղված հարցման պատասխանի վրա։ Պատասխանից պարզվում է, որ «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի 2013 թվականի գնումների պլանով տվյալ տարում ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու համար նախատեսվել է 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ դրամաշնորհային ծրագրերի իրականացում, սակայն ՀՀ կառավարության աշխատակազմի 23.03.2013թ. N02/23.12/4002– 13 գրության համաձայն՝ 2013 թվականի գնումների պլանում նշված գործողությունը համարվել է ոչ նպատակահարմար։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում