Հունիսի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ Վանաձորի երաժշտական ուսումնարանի վարչական շենքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1978 թ. ծնված Վասիլ Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նշված ուսումնարանում, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1984 թ. ծնված Ակսել Մ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.30-ին ներկայացել է բաժին:
Նույն օրը, ժամը 19.50-ին, ՁՊՎ ընդունված Ակսել Մ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ, զույգ նախաբազուկներին, դաստակներին և աջ բազուկին հայտնաբերվել են քերծվածքներ և այտուցներ: Ակսել Մ.-ն հայտարարել է, որ դրանք ստացել է Վասիլ Գ.-ի հետ վիճաբանության և քաշքշուկի ժամանակ՝ նրա կողմից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ակսել Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն