ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան գրասենյակի հետ համատեղ այսօր անցկացնում է «Գնումները պաշտպանության ոլորտում» թեմայով միջազգային սեմինար։
Բացելով քննարկումը ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը պաշտպանության ռազմական կարիքների բավարարման, արտաքին ռազմական օգնության նպատակով անհրաժեշտ ապրանքների ծառայությունների ձեռքբերումն է։ Նրա խոսքով, ի տարբերություն այլ ոլորտների, պաշտպանության ոլորտում կան առանձնահատկություններ, որոնք կապված են գաղտնիության հետ։ Նահապետյանը վստահեցրեց, որ այժմ գնումների գործընթացում առկա է թափանցիկության մեծացում, և այդ հարցում մեծ է խորհրդարանի դերը։
Քննարկմանը ներկա Հոլանդիայի պաշտպանության նախկին նախարար Վիմ Վան Էէկելեն իր զեկույցում, մասնավորապես, նշեց, որ Հոլանդիայում գնումների գործընթացի հետ կապված երեք բառ է օգտագործվում՝ «բացահայտել», «բացատրել», «պատճառաբանել»։ Նրա խոսքով՝ գնումները նուրբ երևույթ են, այն մեկ գնորդի շուկա է. «Եթե հեռուստացույց եք գնում, և տեսականին է շատ, և մատակարարները, իսկ պաշտպանության գնումները կազմակերպում է կառավարությունը՝ միանձնյա»: Վերջինս ասաց, որ կառավարությունը մշտապես ցանկանում է շատ ավելի գումար հատկացնել պաշտպանության գնումների համար, բայց բյուջեներն անսահմանափակ չեն, ուստի, պետք է գերակայություններ սահմանել, ինչպես նաև գնումները կազմակերպել մրցակցային սկզբունքով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ