Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի հայտարարությունն ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը վերանայել է իր մոտեցումը եւ մտադիր է միանալ Մաքսային միությանը

Հունիս 27,2013 10:25

Էներգետիկայի նախարարի հայտարարությունը, թե Մաքսային միության կազմում գտնվելու դեպքում Հայաստանն ավելի էժան գազ կարող է ստանալ, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։
Թեեւ այստեղ արտառոց ոչինչ կարծես չկա։ Պարզից էլ պարզ է, որ անդամագրվելու դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազն ավելի մատչելի պայմաններով կլինի։ Ընդ որում՝ նախարարի հայտարարությունն ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը վերանայել է իր մոտեցումը եւ մտադիր է միանալ Մաքսային միությանը։
Դեռեւս մի քանի ամիս առաջ հանրապետության նախագահը հայտարարեց, որ Հայաստանը բազմակողմանի ինտեգրման կողմնակից է։ Սա նշանակում է, որ երկիրը մտադիր է զարգացնել հարաբերությունները ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ երկրների հետ։ Նախագահի հայտարարությունից հետո բարձր մակարդակի որեւէ այլ հայտարարություն այս առումով չի եղել։
Կասկած չկա, որ Հայաստանի համար առավել ձեռնտու տարբերակը բոլոր կողմերի հետ համագործակցությունն է եւ հնարավորությունների առավելագույն օգտագործումը։ Ինչքանով կհաջողվի, այլ խնդիր է։
Անտարակույս հարկավոր է գործընթացները տանել առաջին հերթին այդ ուղղությամբ եւ փորձել գտնել մեխանիզմներ բոլոր կողմերի հետ արդյունավետ համագործակցություն ձեւավորելու համար։
Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն. այս հարցում Հայաստանում միանշանակ չեն տեսակետները։ Եվ չեն էլ կարող լինել, որովհետեւ, ըստ էության, երկու կառույցներն էլ յուրովի ձեռնտու են։ Դրանցից ամեն մեկն էլ ունի իր առավելություններն ու թերությունները ներքին տնտեսության հետագա զարգացման եւ արտադրական հզորությունների խթանման առումով։
Տարիներ շարունակ Հայաստանը տնտեսական բազմաթիվ թելերով կապված է ԱՊՀ, այդ թվում՝ Մաքսային միություն ձեւավորելու պատրաստակամություն հայտնած երկրների հետ։ Պատահական չէ, որ երկրի արտաքին առեւտրի շրջանառության շուրջ 30 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ-ին։ Նույն ծավալի առեւտրային հարաբերություններ ունի Հայաստանը նաեւ Եվրամիության հետ։ Երկրի ներքին արտադրանքի 26 տոկոսն արտահանվում է ԱՊՀ, իսկ շուրջ 37 տոկոսը՝ Եվրամիություն։
Առաջին հայացքից թվում է, թե զուտ արտահանման առումով Հայաստանի համար ձեռնտու է համագործակցությունը Եվրամիության հետ։ Սակայն եթե հաշվի առնենք, որ այստեղ իրացվող արտադրանքի հիմնական մասը հումքայինն է՝ պղինձ եւ այլ հանքահումքային ապրանքներ, մետաղներ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, ապա պատկերը պարզ կդառնա։
Իրականում մրցակցային առումով հայաստանյան տնտեսավարողներին առավել ձեռնտու է ԱՊՀ շուկան։ Թե՛ որակական հատկանիշներով, թե՛ գնային քաղաքականությամբ հայաստանյան արտադրանքն ավելի մեծ իրացման հնարավորություններ կարող է գտնել այստեղ։
Բայց այնպես չէ, որ այն ոչինչ չունի անելու եվրոպական շուկայում։ Կան արտադրատեսակներ, որոնք այսօր էլ հաջողությամբ մրցակցում են այստեղ։ Դրանց իրացման համար անշուշտ ավելի լավ պայմաններ կարող են ստեղծվել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագրի ստորագրումից հետո։
Բայց այնպես չէ, որ պայմանագրի ստորագրումից հետո տեղական արտադրանքը կարող է զանգվածաբար արտահանվել եվրոպական շուկա։ Մինչ այդ անհրաժեշտ է արտադրել այդ շուկայի պահանջարկին համարժեք ապրանք։ Մի բան, որ այնքան էլ դյուրին խնդիր չէ։ Ուստի, մյուս կողմից, չպետք է գերագնահատել համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագրի ստորագրման նշանակությունը։

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ says:

    Չափազանց վերացական դատողություններ են: Դրանք «լավ կլիներ….»-ի կարգի են: միչդեռ իրականությանը սթափ նայելու դեպքում միանգամայն պարզ է դառնում, որ Մաքսային միությանը միանալու դեպքում կայսերապաշտ Ռուսաստանը ԵՐԲԵՔ Հայաստանին թույլ չի տա անկախ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ: Եվրոպան էլ, իր հեթին, կխուսափի գործ ունենալ կայսրության հետամնաց ծայրամաս հանդիսացող հայաստանի (դիտավորյալ եմ փոքրատառ գրում) հետ: Եվրոպացիները ստրկամիտներին չեն սիրում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930