Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ հախուռն դատապարտել, կամ հիացմունքով գովել

Հունիս 27,2013 10:21

Մերոնք գլխավորը եւ երկրորդականը չեն կարողանում դասդասել` գլխավոր թեմաները չդարձնելով քննարկման առարկա եւ չփորձելով օպտիմալ տարբերակներ առաջարկել հայերիս համար կարեւոր խնդիրների լուծման առումով:

Ասենք` ինչպե՞ս հանգուցալուծել Եվրասիական միությանն անդամակցելու հետ կապված ճնշումներին դիմակայելու բարդ խնդիրը, կամ ի՞նչ միջոցներով ռուսական կողմից ստացվող ազդակները բալանսավորել աշնանը Եվրոմիության հետ նախաստորագրվելիք Ասոցացման պայմանագրի հետ, ի՞նչ գործիքներ բանեցնել դրա համար: Չէ, մերոնք խորհուրդ տվող չեն, նրանք կարող են կամ հախուռն դատապարտել կամ հիացմունքով գովել: Ընդդիմադիրներն ասում են` իշխանությունները դավաճան են, զիջում են մեր ինքնիշխանությունը, ծախում են մեր ունեցածը ռուսներին, կամ` եվրոպական այլասերվածության են տանում մեզ (անգամ չխորանալով, որ Ասոցացման պայմանագրով եվրոպական ազատ շուկա մտնելու հնարավորությունն է ապահովվում): Իշխանականները պարզապես կոշտուկոպիտ պաշտպանում են իշխանությանը` ոչ մի կարգին արգումենտ չմեջբերելով եւ քաղաքական մտահոգությունը չտարանջատելով կառավարման պրագմատիզմից: Կարծես սպասում են` ե՞րբ գործադիրը այս կամ այն պայմանագիրը կկնքի, որ իրենք գործ ունենան` այդ պայմանագրերի դավաճանական, ծախու կողմերի մասին փրփրեն կամ գովերգեն դրա տնտեսական եւ սոցիալական էֆեկտը: Իսկ թե մինչ այդ իրականում Հայաստանին երկու տարբերակով ի՞նչ օգտակար ու վնասակար բաներ են սպասվում` մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ոչ մեկն ի վիճակի չէ մանրամասն բացատրել: Արդյոք նրանի՞ց է, որ քաղաքական կուսակցություններում պրոֆեսիոնալ, համակողմանի մասնագետների պակաս կա, ու դրանք լցված են պարզապես թայֆի տղերքով` միգուցե:

Բոլոր դեպքերում քաղաքական ուժերն ավելի մեծ լուֆթ ունեն մտահոգություններ բարձրացնելու, քան գործադիրը, ու այդ մտահոգությունները երկրի ղեկավարները դեմ կտան դրսի դեմ տվողներին:

Որոնք էլ լինեն պատճառները` մեր կուսակցությունները պետության համար դարակազմիկ որոշումների համար ի վերջո պատասխանատվություն ստանձնել եւ ավարտուն տեսակետ առաջ մղել ի վիճակի չեն: Նրանք սպասում են գործադիրի կամ երկրի ղեկավարի գործողություններին` հետո մի բան ասելու կամ անելու համար: Վերջերս էլ շատ վտանգավոր մի միտք սկսեց շրջանառվել, թե կարելի է հանրաքվեի միջոցով որոշել այս կամ այն անդամակցության հարց: Եվ կամ` «Գելապ» են խաղացնում, թե Հայաստանի բնակչության 60 տոկոսից ավելին կողմ է Եվրասիական միությանը (էն էլ` Եվրասիական զարգացման բանկի պատվերով հարցմամբ): Լավ, ընտրություններով հարց որոշել չկարողացող ժողովրդի հետ հանրաքվե անցկացնելու խաղե՞րն են մնացել, կամ ո՞վ չգիտի, թե ինչպե՞ս կարող են անցկացվել հանրաքվեն կամ սոցիոլոգիական հարցումները: Սա մի կողմից պատասխանատվությունը հեռացնելու միջոց է, մյուս կողմից` կուսակցությունների հստակ դիրքորոշումների բացակայության արդյունք վերը նշված երկու հարցի վերաբերյալ:

Կամ` մեր կուսակցականները երբեք չեն ասում` այ Հեֆերն, այ ֆլան-այ ֆստան, մեր տնտեսության կամ պետական նշանակության հարցերի վերաբերյալ ինչո՞ւ եք տարատեսակ հայտարարություններ անում, մեզ հարցրե՞լ եք…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930