Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի «Կապույտ դահլիճ»-ում տեղի ունեցավ Երևանի կամերային թատրոնի համահիմնադիր, ռեժիսոր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան: Գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարը պատմում է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին: «Շնորհակալություն եմ հայտնում Հարություն Խաչատրյանին, ով մեկ տարի առաջ հորդորեց ինձ նկարահանել Հայոց Ցեղասպանությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմ և այն դարձավ իրականություն»,-ասաց Երնջակյանը:
Նրա խոսքով` ամեն պատիժ, ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածար բեռը այս դեպքում բաժին է ընկնում երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում. «Ֆիլմում ընդգրկված բոլոր երեխաները նկարահանվել են այն ժամանակ, երբ Հայաստանում կարկուտ էր և այդ եղանակային պայմաններում առկա որակը խոսում է իրենց շնորքի մասին»:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանն, ով ֆիլմի դերակատարներից է, հասցրել էր հուզվել դեռ սցենարը կարդալիս. «Երբ Արայիկի սենյակում կարդացի սցենարը, մի սարսուռ անցավ մարմնովս: Սա բոլորիս համար հարազատ թեմա է և չենք կարող սրան այլ կերպ անդրադառնալ, այն մեր արյան մեջ է, իսկ խաղարկային մատերիալը ավելի շատ փոքր էր, քանի որ կարճամետրաժ ֆիլմ էր»:
Կարդացեք նաև
Ռեժիսոր Միքայել Դովլաթյանին նույնպես հուզել էր ֆիլմը, տպավորված էր. «Ֆիլմն իր ձևաչափի մեջ լավն էր: Միանշանակ կընդգրկվի մի շարք փառատոններում և ճանաչում կունենա»:
Դատելով հանդիսատեսի ծափերից և արցունքոտված աչքերից կարող ենք ասել, որ ֆիլմը հուզել էր շատերին. «Հրաշալի ֆիլմ էր, և իսկապես, վրեժը բոլորիս ներսում նստած է, որին արթնացնելու համար շատ քիչ բան է հարկավոր: Ամեն բան լավ էր մտածված, միայն ֆիլմի անվանման հետ համակարծիք չեմ»,-ասաց հանդիսատես, մասնագիտությամբ մանկավարժ, 44-ամյա Անահիտ Պետրոսյանը:
Ֆիլմի ռեժիսորը, համապրոդյուսերը և սցենարի հեղինակը Արա Երնջակյանն է, բեմադրիչ նկարիչը` Արմեն Ղազարյանը, օպերատորը` Սուրեն Թադեվոսյանը, ով լինելով Արգենտինայում, ֆիլմի պրեմիերային ներկա գտնվել չէր կարողացել:
Հիշեցնենք, որ 2013թվականին Ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» խաղարկային մրցույթում:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ