Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Շահե. «Եթե եկեղեցականը հաջողված է, ոչ ոք չի կարող քննադատել նրան»

Հունիս 26,2013 22:01

«Ես արդեն սկսում եմ մտածել, որ ես մարգարե եմ»,-այսպես արձագանքեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի գրասենյակի տնօրեն Շահե վարդապետ Անանյանը, երբ լսեց «Առավոտի» հարցը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին՝ ակնարկելով, որ այլ հարց չէր էլ սպասում:

«Ունի՞ արդյոք Մայր աթոռը որեւէ դիրքորոշում արքեպիսկոպոսի անվան հետ արդեն երրորդ անգամ կապվող սկանդալների կապակցությամբ՝ սկզբից զենքի մասին, ապա՝ թանկարժեք «Բենթլիի», հիմա էլ՝ օֆշորային ընկերության»՝ մեր հարցին ի պատասխան

Տեր Շահեն պատասխանեց. «Ի՞նչ կարող եմ ասել: Եկեղեցին այս պարագաներում ունի որոշակի առաջնորդման սկզբունքներ, որոնք շատ հստակ են: Որեւէ եկեղեցականի համար իր կյանքում ապրելու սկզբունքը կա: Ցանկացած եկեղեցական, երբ դառնում է կուսակրոն եկեղեցական, չորս հիմնական ուխտ է որդեգրում. առաջին՝ ողջախոհության կամ կուսության ուխտ, երկրորդ՝ համեստության եւ կրթության ուխտ,  երրորդ ՝ աղքատության ուխտը եւ չորրորդը՝ Աստծո խոսքը քարոզելու ուխտը : Այս չորս հիմնական ուխտերն են եւ վերջինը՝ հնազանդության եւ խոնարհության ուխտը:

Հիմա, եթե այս չորս ուխտերը կան, որոնք սկզբունքներ են մարդու կյանքում, եթե մարդը կարողանում է գոնե կիսով չափ այդ ուխտերը իր կյանքում իրականություն դարձնել, այստեղ որեւէ դիրքորոշման մասին ի՞նչ խոսք կարող է լինել: Եթե այս սկզբունքները կյանքում ինչ-ինչ պատճառներով իրականություն չեն դառնում՝ այդ դեպքում ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերում է Նավասարդ սրբազանի մասին ձեր հարցին, ինքը՝ Նավասարդ սրբազանը իր դիրքորոշումը հայտնել է, հոդվածներ կան տպված, եւ եթե մենք փորձում ենք անհատի միջոցով եկեղեցական ինչինչ դիրքորոշումներ ունենալ, դրա համար պազապես պետք է թերթել կանոնագիրքը, ուրիշ բան պետք չի անել»:

«Իսկ այդ կանոնագրքով թույլատրվո՞ւմ է զենք կրել»,-մեր այս հարցին տեր Շահեն պատասխանեց. «Ես գիտեմ, որ Նավասարդ սրբազանը չի կրում զենք»: «Լավ, ասենք, չի կրում, իսկ ունենալ թույլատրվո՞ւմ է»՝ այս հարցին ի պատասխան վարդապետն ասաց. «Ունենալը համենայնդեպս չի արգելվում»:

«Առավոտի» մյուս հարցին, թե «Ձեր նշած սկզբունքներից՝ համեստության, աղքատության եւ խոնարհության ու հնազանդության սկզբունքների հետ արդյո՞ք չեն հակասում զենք ունենալը, շքեղ «Բենթլի» ունենալը, դեռ՝ օֆշորային ընկերությունը՝ մի կողմ թողնենք», տեր Շահեն պատասխանեց. «Գիտեք, ես երբեւէ չեմ հաշվել, թե ով ինչքան գումար կամ փող ունի: Ես պարզապես մեջբերում եմ այդ սկզբունքները, որոնց մեջ ինքս էլ երբեմն թերանում եմ: Բայց կարեւորը այդ սկզբունքի ճիշտ ընկալումն ու ճիշտ կիրառումն է կյանքում: Եվ եթե եկեղեցականը հաջողված է, ոչ մամուլը, ոչ ես,ոչ ոք չի կարող քննադատել կամ գնահատել նրան, միայն հավատացյալներն են քննադատում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լուսանկարը՝ Lragir.am-ից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Եկեղեցականի հաջողված լինելը ինչո՞վ է պայմանավորված ։

  2. Maxim says:

    Էհհհհհհ,՝ տեր Շահե, տեր Շսհե,
    Բա մեր ազգը, ո՞վ պահե,
    Ո՞վ քարոզի բարություն,
    Չկատարի չարություն,
    Ու՞մ ասածին հավատանք,
    Արածներդ՝ խարդավանք,
    Իբր միջնորդ եք աստծուն,
    Բայց անարդար եք գործում,
    Պատգամները փոփխում,
    Ազգին անհավատ թողում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930