Վաղը կառավարությունը կմերժի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կառավարության հավանությանը ներկայացրած` «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքէջը, ըստ պատգամավորի նախագծի, առաջարկվում է սահմանել`առեւտրական գործունեություն իրականացնող, շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտները շրջանառության հարկը հաշվարկում են ոչ թե գործող` 3.5 տոկոս դրույքաչափով, այլ` 3 տոկոս դրույքաչափով, եթե առեւտրական գործունեության ընթացքում ձեռքբերված ապրանքների առնվազն 50%-ը հիմնավորված է փաստաթղթերով, 2.5 %-ը՝ եթե առեւտրական գործունեության ընթացքում ապրանքների ձեռքբերումն ամբողջությամբ հիմնավորված է փաստաթղթերով:
Եթե կառավարությունը հավանություն տար նախագծին, ապա ինչպես ներկայացված հիմնավորման մեջ, այն հնարավորություն կտար խթանել գործարքների փաստաթղթավորման գործընթացը, կնվազեցնի առեւտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռը:
Կառավարությունը, սակայն, հակառակ փաստարկներ է ներկայացնում, որի հիման վրա էլ մերժում է պատգամավորի նախագիծը:
Կարդացեք նաև
Օրինակ, կառավարությունը մատնանշում է «Հարկերի մասին» օրենքը, որի համաձայն, եթե հայտնաբերվի առանց փաստաթղթի առաքված ապրանք, ապա տուգանք է տվյալ ապրանքի գնի 50%-ից մինչեւ 200%-ը: Ըստ կառավարության. «Ապրանքների գնի 0.5-1%չափով հարկի գումարի նվազեցումը չի կարող գործարքների փաստաթղթավորման խթան հանդիսանալ»:
Բացի այս, կառավարությունը գտնում է, որ խնդիրն առավելապես պայմանավորված է ոչ թե շրջանառության հարկ վճարողների կողմից փաստաթղթեր չպահանջելով, այլ խոշոր մատակարարների կողմից փաստաթղթեր չտրամադրելով. «Հետեւաբար, նախագծի ընդունման դեպքում կարող են ստեղծվել հարկման անհավասար պայմաններ, քանի որ շրջանառության հարկ վճարող համարվող որոշ տնտեսավարող սուբյեկտներ կարող են փաստաթղթավորել իրենց ձեռքբերումները եւ դրանով իսկ օգտվել շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափ կիրառելու հնարավորությունից, իսկ որոշ հարկ վճարողներ այդպես էլ չեն կարողանա փաստաթղթավորել իրենց ձեռքբերումները, քանի որ նրանց մատակարարները չեն տրամադրում համապատասխան փաստաթղթեր»:
Կառավարությունը մերժում է պատգամավորի նախագիծը նաեւ հետեւյալ պատճառաբանությամբ. «Նախագծի ընդունումը խնդրահարույց է նաեւ դրա կիրառության տեսանկյունից եւ այս առումով, նախագծի ընդունումը կստեղծի լուրջ վարչարարական խնդիրներ, քանի որ կատարված ընդհանուր ձեռքբերումները եւ հատկապես դրա` փաստաթղթերով չհիմնավորված մասի տեսակարար կշիռը որոշելը լուրջ դժվարություններ են ստեղծելու հարկ վճարողների եւ հարկային մարմինների համար»:
Այս եւ մի շարք այլ հիմնավորումներով, ինչպես նշված է կառավարության կայքէջում` ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ