Հունիսի 24-ին Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը Վիեննայում Հայաստանի եւ Ռումինիայի դեսպանությունների փոխկազմակերպմամբ այցելեց Վիեննայում տեղակայված սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի, ծանոթացավ եկեղեցուն կից գործող շաբաթօրյա դպրոցի ու մանկապարտեզի գործունեության պայմաններին եւ հանդիպեց Ավստրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարության հետ: Վարուժան Ոսկանյանին ողջունեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան աբեղա Պետրոսյանը, Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի նորընտիր ատենապետուհի Ռուբինա Ղազարյանը:
Վարուժան Ոսկանյանը՝ Եվրոպայի տարբեր երկրների սփյուռքահայ կառույցների առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ ավստրիահայության առջեւ եւ պատասխանեց ներկաների հարցերին: Վարուժան Ոսկանյանը կոչ արեց Եվրոպայի հայ համայնքերին սերտորեն համագործակցել իրար հետ՝ ի շահ հայապահպանության եւ ընդդեմ ուծացման սպառնալիքի: Բանախոսն անդրադարձավ նաեւ առաջիկայում գերմաներեն լեզվով հրատարակվելիք իր հեղինակած, մի քանի լեզուներով թարգմանված եւ գրական շրջանների կողմից բարձր գնահատանքի արժանացած «Շշուկների մատյան» վեպին, ներկայացրեց իր այս ստեղծագործության համառոտ պատմությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն