Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Մայլիս Ռեփսինի՝ «Կոռուպցիան որպես սպառնալիք իրավունքի գերակայությանը» զեկույցի շուրջ ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Ելույթում մասնավորապես ասված է. «Պայքարը կոռուպցիայի դեմ շարունակական է եւ մենք պետք է հարգենք յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին եւ վերջինիս վերացմանը: Հասարակության զարգացմանը զուգահեռ մշակվում եւ կիրառվում են կոռուպցիոն նոր մեխանիզմներ՝ դարձնելով այն ավելի լատենտային, քան նախկինում՝ այդպիով ավելի բարդացնելով բացահայտումը: Այս խնդրի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը ուսումնասիրության եւ քննության նոր մեթոդների մշակումն է՝ ի պատասխան փոփոխվող կոռուպցիոն միջավայրի:
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմքում ի թիվս այլ հիմնարար սկզբունքների պետք է ընկած լինեն իրավական որոշակիության եւ կամայականության արգելքի սկզբունքները: Այս երկու սկզբունքները պետք է ուղեցույցներ լինեն պետական պաշտոնյաների եւ վարչական մարմինների հայեցողության սահմանները որոշելիս: Հայեցողությունը կառավարման եւ վարչարարության անհրաժեշտ տարր է, քանի որ այն անհատականացնում է օրենքը, բայց դա նաեւ հնարավոր կոռուպցիայի աղբյուր է: Դա է պատճառը, որ անհրաժեշտ է սահմանել որոշակի ու հստակ կանոններ, որոնք պետք է կարգավորեն պետական պաշտոնյաների կողմից հայեցողական լիազորությունների իրագործումը, հնարավորություն ընձեռելով լիազորությունների արդյունավետ իրականացման եւ միեւնույն ժամանակ հնարավորինս նվազեցնելով կամայականության հավանականությունը: Այդ կանոնները նաեւ երաշխիք են իրավական որոշակիության սկզբունքի պահպանման համար, որն օրենքի գերակայության էական մաս է»:
Ա. Հովհաննիսյանը համաձայնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց է հրապարակայնությունը եւ շարունակում. «Տեղեկատվության եւ աջակցության տրամադրման պարագայում, քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կարող են նպաստել կոռուպցիոն դեպքերի հետաքննությանն եւ բացահայտմանը: Ըստ էության կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը լրատվամիջոցների ազատության եւ անկախության երաշխավորումն է: Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է ավելի մեծ ներդրումներ կրթության, ժողովրդավարության, օրենսդրության եւ ազատ լրատվամիջոցների զարգացման մեջ: Այս առումով հարկ է նշել, որ այն աշխատանքը, որն իրականացվում է միջազգային եւ ներպետական կազմակերպությունների կողմից կարեւոր ներդրում ունի կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում»:
Համաձայնելով զեկուցողի հետ, որ կապը լոբբինգի եւ կոռուպցիայի ուշադրության արժանի հարց է, Ա. Հովհաննիսյանը նշում է. «Եվրոպայի խորհուրդը, լինելով վարքագծի կաննոներ եւ ժողովրդավարության սկզբունքներ սահմանող մարմին պետք է լինի առաջինը այդ դրանց կիրառման հարցում: Զեկույցում արդարացիորեն նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքում մենք հանդիպել ենք ոչ պատշաճ լոբբինգի դրսեւորման դեպքերի: Դրա ակնառու օրինակ է պարոն Շտրասերի Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ զեկույցի ձախողումը: Սա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ոչ պատշաճ լոբբինգի իրական մի օրինակ է, որը մենք չպետք է հանդուրժենք:
Այսպիսով, լոբբինգը կարգավորող նոր կանոնագրքի ընդունումը կարեւոր ներդրում կունենա այս խնդրի լուծման հարցում ոչ միայն անդամ պետությունների ներպետական մակարդակով, այլեւ հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Եթե մենք ցանկանում ենք փոփոխություններ կատարել մենք պետք սկսենք մեզանից»: