Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվեց համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը: Հանդիսությունը բացեց համալսարանի մշակույթի եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորեց Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ եւ ներկայացրեց նրա գիտական ու կրթական գործունեությունը:
Այնուհետեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգեւը` Մովսես Խորենացու մեդալը` հայագիտության զարգացման գործում նրա ունեցած նշանակալի ավանդի եւ հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության համար: Դեսպան Աղաջանյանը, իր ելույթում շնորհավորելով Հենինգ Լեհմանին, նշեց, որ «նրա հայագիտական հետազոտություններն անգնահատելի են եւ նոր էջ են բաց արել Արեւմուտքի եւ Արեւելքի եկեղեցիների հայտնի ու անհայտ պատմական փոխազդեցությունների մեջ»:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական պարգեւին արժանանալու կապակցությամբ` Հենինգ Լեհմանը հանդես եկավ «Մի կաթիլ ջրի մեջ երեւացող աշխարհ» դասախոսությամբ եւ ներկայացրեց Բարոկոյից մինչեւ Լուսավորչություն ընկած ժամանակահատվածում Արեւելյան եւ Արեւմտյան եկեղեցիների միջեւ հարաբերությունների պատմությունը: Նա նշեց, որ «Հայկական եկեղեցին բավական վաղ հասկացավ տպագիր գրքի` որպես գիտության եւ քարոզի միջոցի կարեւորությունը եւ նախաձեռնեց հայկական գրքի տպագրությունը»: Հենինգ Լեհմանը մատնանշեց 1565-ից մինչեւ 1745 թվականների այն հնատիպ 19 հայկական գրքերը, որոնք պահվում են Դանիայի թագավորական գրադարանում եւ ցուցադրվել են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ցուցահանդեսում:
Հանդիսությանը ներկա էին համալսարանի դասախոսական կազմը, գիտնականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն