«Ազատություն» ռադիոկայան. Սիրիայում արդեն 27 ամիս շարունակվող հակամարտության հետեւանքով զոհվածների թիվը անցել է 100 հազարը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը:
Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` 100 հազար 191 սպանվածներից 36 հազար 661-ը քաղաքացիական անձինք են, 25 հազար 407-ը` նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի զինծառայողներ, 17 հազար 311-ը` կառավարամետ զինյալներ, 169-ը` «Հըզբոլա» խմբավորման զրոհայիններ, 13 հազար 539-ը` ապստամբ զինյալներ, 2 հազար 15-ը` կառավարական բանակը լքած զինծառայողներ, եւ 2 հազար 518-ը` ապստամբների կողմից կռվող օտարերկրացիներ:
Լրատվական գործակալությունները հիշեցնում են նաեւ, որ այս ամիս ավելի վաղ ՄԱԿ-ի հրապարակած պաշտոնական տվյալներով` Սիրիայում հակամարտության սկսվելուց` 2011 թվականի մարտից մինչեւ այս տարվա ապրիլի վերջ բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 93 հազար մարդ:
Արման Հովհաննիսյան