Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորին ինքնավնասման հասցնելու գործի վարույթը կարճվել է

Հունիս 26,2013 16:32

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այս տարվա հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում 6,5 տարվա ազատազրկման դատապարտված  Զավեն Մակարյանը մեկանգամյա սայրով կատարել էր ինքնավնասում, հայտնելով, թե ուզում է ինքնասպան լինել:Ըստ կալանավորի, ինքը ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ իր քրեական գործով կալանքի ժամկետը չի լրացել, սակայն պահվել է անազատության մեջ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ կալանավորը տառապում է «Հետտրավմատիկ էնցեֆալոպաթիա, աֆեկտիվ խանգարումներով»:

Մեր տրամադրության տակ եղած մեկ այլ բժշկական տեղեկանքի համաձայն էլ, կալանավորը գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ, հետեւյալ ախտորոշմամբ՝ «անձի էմոցիոնալ անկայուն խանգարում, օրգանական բնույթի, ինքնավնասման վարքով»:

Բուժող բժշկի ՝ Մ.Նանայանի տեղեկացմամբ էլ, կալանավորը տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ, ունի միզաքարային հիվանդություն, հեպատիտ C, խրոնիկական պոչուկային թարախակալված կիստա, երկրորդ կարգի հաշմանդամ է:

Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Գ.Մկրտչյանը իր որոշման մեջ տեղեկացրել էր, որ ինքնասպանության հասցնելու հանգամանքը պարզելու համար հանձնարարական է տվել ոստիկանության Էրեբունու բաժնում:

Նախաքննությամբ, ըստ քննիչի հիմնավորվել էր, որ Զ.Մակարյանին սպառնալիք չի եղել, նա չի ունեցել ֆինանսական խնդիրներ, նրա արժանապատվությունը որեւէ մեկի կողմից չի ոտնահարվել:

Իսկ քննիչի կողմից կալանքը չերկարացնելը եղել է իրավաչափ:

Կալանավորը բողոքով դիմել է մարդու իրավունքների պաշտպանին:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կալանավորին է ուղարկել իրենց որոշումը՝ բողոքի քննարկումը դադարեցնելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Ա.Մուրադյանն էլ, ի պատասխան կալանավորի հարցմանը, պատասխանել էր, թե՝ գործի բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում, որեւէ անձի կողմից կալանավորին ինքնասպանության հասցնելու փորձ կատարելուն հասցնելու փաստեր ձեռք չեն բերվել:

Կալանավորի տեղեկացմամբ, նա «բաց բողոք-դիմում» է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Նա հայտնել է, որ իրեն կալանքի տակ պահելու որոշում ընդունելով հաշվի չի առնվել այն, որ ինքն ունի առողջական խնդիրներ, խնամքի տակ են երեք երեխաները, բացի այդ էլ, իր կալանքի ժամկետը չի երկարացվել:

Գլխավոր դատախազին կալանավորը նաեւ հայտնել էր.«Կալանավորի հաստիք տալով ինձ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ու ՔԿՀ վարչությունը, թույլ չի տվել տեսակցել երկարատեւ տեսակցության կնոջս եւ երեխաներիս հետ, պատճառաբանելով, թե կալանավորին դա հասանելի չէ, երկարատեւ տեսակցությունից կարող են օգտվել միայն դատապարտյալներն ու վերջ»:

Կալանավորը դիմել էր դատարան, խնդրելով ճշտել.կալանավո՞ր է, թե՞ դատապարտյալ. «03.06.2013թ.վերջին դատից հետո հասկացա, որ ինձ շեղել են, իմ կարգավիճակի իմացությունից, որով ես կրել եմ կալանավորված ամբաստանյալի դատված պատժի տեսակը, քանզի դատարանը վերջնական պատիժ նշանակելուց իմ պատժի սկիզբը հաշվեց 03.06.2013թ-ից, հաշվի չառնելով, որ 8 ամիս բանտային պայմաններում կրած պատիժս»:

Զավեն Մակարյանն ասում է.«Չեմ կրում հետագա պատասխանատվություն կատարածս քայլերի համար: Իսկ եթե չստանամ գլխավոր դատախազի պատասխանը՝ ուրեմն իմացեք, կամ սպանել են ինձ, կամ՝ դրդել են ինքնասպանության, բայց արդեն պարզ կլինի, թե ովքեր շահագրգռված կարող են լինել իմ մահվան մեջ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930