Քիչ առաջ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի երրորդ օրվա լիագումար նիստում ավարտվեց կոռուպցիային վերաբերող զեկույցի քննարկումը: Զեկույցը ներկայացրել էր էստոնացի պատվիրակ Մայլիս Ռեփսը:
Խնդրի քննարկումից հետո Վեհաժողովը պատասխանատվություն ստանձնեց շարունակել անդամ երկրների խորհրդարանների` կոռուպցիոն ռիսկերի և թափանցիկության ապահովմանն ուղղված գործընթացը:
ԵԽԽՎ ամբիոնից ելույթ ունեցան նաև Հայաստանի պատվիրակության անդամները: Մասնավորապես՝ ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Քննարկելով ՀՀ-ում կոռուպցիայի թեման` Լ.Զուրաբյանը մասնավորապես ասաց. «Հայաստանը մի երկիր է, որտեղ խորհրդարանականների մեծամասնությունը ներգրաված են բիզնեսում: 2011-ին ՀԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից 70-ը ներգրավված են ձեռնարկատիրական գործունեության մեջ: Մենք մի երկիր ենք, որտեղ լուրջ խնդիրներ կան ներդրումների հետ կապված: Ուստի կարծում եմ Վեհաժողովը պետք է մոնիտորինգ իրականացնի այնպիսի երկրներում, որտեղ կան կոռուպցիոն ռիսկեր և ժողովրդավարական արժեքների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք»:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ մեկ օր առաջ` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի երկրորդ օրը, ազատ քննարկումների ժամին ևս ելույթ ունենալու համար հերթագրվել էր Լեւոն Զուրաբյանը, ու քանի որ ելույթը հնչեցնելու համար նրան հերթ չէր հասել, նրա ելույթը ներառվել է նիստի պաշտոնական արձանագրության մեջ:
Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Զուրաբյանի ելույթի տեքստն ամբողջությամբ (թարգմանությունն` ilur.am-ի):
«Հայաստանը դրժել է իր խոստումը՝ Մարտի 1-ի հանցագործությունները քննելու հարցում.մայիսին՝ Հայաստանը 6-ամսյա ժամկետով ստանձնել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության աջակցությունը հռչակել է որպես գերակա ուղղություններ:Այդ հռչակումը, սակայն, հակասության մեջ է այդ հարցում հայաստանյան իշխանությունների նախկինում դրսեւորած վարքի հետ, որոնք աչքի են ընկել մարդու իրավունքների եւ ժողովրդավարական նորմերի բազմաթիվ եւ համակարգված խախտումներով:
Հայաստանում ընտրությունները պարբերաբար կեղծվում են. ուռճացված ընտրացուցակները եւ քվեարկողների պաշտոնական թիվը խիստ հակասության մեջ են երկրի ժողովրդագրական ցուցանիշների հետ, եւ ընտրությունները վերածվում են ընտրողների պետականորեն կազմակերպված կաշառման եւ ապօրինի բազմակի քվեարկության գործընթացի: Արդյունքում խախտվել է պետական մարմինների եւ ընտրությունների հանդեպ վստահությունը: Այլ ընտրություն չունենալով, հայ ժողովուրդը ոտքի է ելնում ընդդեմ կեղծված ընտրությունների եւ դուրս է գալիս Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցները՝ մի քանի շաբաթյա ցույցեր անցկացնելով վերջին 3 նախագահական ընտրություններից հետո. 2003-ին, 2008-ին եւ 2013-ին: 2008-ին կառավարական ուժային կառույցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, եւ ապա մահաբեր ուժ են կիրառել՝ ցույցերը ճնշելու համար: 10 մարդ է սպանվել, հարյուրավորները՝ վիրավորվել, ընդդիմության տասնյակ լիդերներ եւ ակտիվիստներ տարիներ են անցկացրել բանտերում:
ԵԽԽՎ-ի բազմաթիվ բանաձեւերով եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հայտարարությամբ կոչ էր արվել պատշաճորեն քննել սպանությունները եւ պատասխանատվության ենթարկել ցուցարարների վրա կրակողներին եւ նրանց կազմակերպողներին, ինչպես նաեւ հայտնաբերել ցուցարարների դեմ մահաբեր ուժ կիրառելու հրաման արձակողների ողջ շղթան: Այդուհանդերձ, հայաստանյան իշխանությունները արհամարհել են թափանցիկ, օբյեկտիվ եւ արդյունավետ քննություն անցկացնելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը: Առայսօր, հինգ տարի անց, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել սպանությունների համար եւ հանցագործությունը մնում է անպատիժ:
Փոխարենը, դատախազությունը եւ իրավապահ մյուս մարմինները չեն իրականացրել օրենքով անհրաժեշտ քննչական գործողություններ, կեղծել են ապացույցները եւ զբաղվել են հանցագործությունների համակարգված պարտակմամբ:
Ընդդիմությունը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի պետական մարմինները հավուր պատշաճի քննեն սպանությունները եւ պատժեն քննչական մարմիններում աշխատող այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են մարտիմեկյան գործերի քննության ժամանակ Քրեադատավարական օրենսգրքի լուրջ խախտումների համար:
2012 թվականի աշնանը Հայաստանի խորհրդարանի նիստում Հայ ազգային կոնգրեսը համաձայնության էր եկել մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի հետ՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու շուրջ, որը պետք է պարզեր, թե արդյո՞ք դատախազությունը եւ իրավապահ մարմինները ըստ պատշաճի են քննել սպանությունները: Համաձայնությունը ամրապնդվել էր Խորհրդարանի խոսնակի հայտարարությամբ, որը վստահելի երաշխիքներ էր տվել խորհրդարանի նիստի ժամանակ: Առաջարկվող օրինագիծը՝ այս տարվա մարտին միաձայն ընդունվել էր խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի կողմից: Մայիսին մեծամասնությունը փոխեց իր որոշումը եւ 2013 թվականի գարնանային նստաշրջանի ժամանակ՝ լիագումար նիստում քվեարկությամբ միակողմանիորեն խախտեց այդ համաձայնությունը: Հայաստանի իշխանությունների նման վարքը ցույց է տալիս, որ իրենք շարունակում են արհամարհել հայաստանյան հասարակության եւ միջազգային հանրության՝ մարտի մեկի սպանությունները քննելու եւ հանցագործություններ կատարած եւ կատարող անձանց պատասխանատվության ենթարկելու կոչերը:
Հայաստանի հանրության շրջանում չի կարող լինել հաշտություն, քանի դեռ մարտի մեկի սպանությունների հեղինակները պատժված չեն: Ժամանակն է, որպեսզի ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը նորից վերահսկողության տակ առնի այն հարցը, թե արդյոք Հայաստանի իշխանությունները կատարո՞ւմ են ԵԽԽՎ բազմաթիվ բանաձեւերով արձանագրված որոշումները»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ