«Ազատություն» ռադիոկայան. Այսօր Բաքվում կայացել է զորահանդես` նվիրված Ադրբեջանի զինված ուժերի օրվան:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` զորահանդեսը դիտել են երկրի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա կինը, բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, պատերազմի վետերաններ եւ հասարակայնության ներկայացուցիչներ:
Ալիեւը ելույթ է ունեցել` հայտարարելով, մասնավորապես, թե բանակաշինությունը Ադրբեջանի համար «ամենագլխավոր, առաջնային հարցն է», եւ ուժեղ բանակը ամրապնդում է իրենց դիրքերը ղարաբաղյան գործընթացում:
«Ուժեղ Ադրբեջանը կարող է խոսել թույլ Հայաստանի հետ ցանկացած լեզվով: Ուղղակի տարածաշրջանում կայունության պահպանման համար մենք առայժմ նախապատվությունը տալիս ենք բանակցություններին», – հայտարարել է Ալիեւը նախագահը` համոզմունք հայտնելով, թե «Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում, այլ օկուպացված տարածքներում, Խանքենդիում [Ստեփանակերտում], Շուշիում ծածանվելու է ադրբեջանական դրոշը»:
Կարդացեք նաև
Զորահանդեսին մասնակցել է ավելի քան 5 հազար զինծառայող, 300 միավոր զինտեխնիկա, 100 ռազմական օդանավ եւ 40 ռազմանավ:
Վերջում մարտական ինքնաթիռները երկնքում պատկերել են երկրի դրոշը:
Արման Հովհաննիսյան