Անկախ Բաքվի ցանկություններից և իղձերից` Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է, որն այլընտրանք չունի: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մտադրության մասին` «ներառյալ Լեռնային Ղարաբաղը և, նույնիսկ, Հայաստանը»:
«Որքան շուտ Ադրբեջանը հաշտվի Լեռնային Ղարաբաղի անկախության փաստի հետ, այնքան ավելի լավ նրա համար, այնքան ավելի արագ տեղի կունենա Բաքվի ադապտացումը կայացած իրողություններին»,- նշել է Շարմազանովը: Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե «ժամանակակից Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի մի մասն է», փոխխոսնակն ԱՀ նախագահին խորհուրդ է տվել ծանոթանալ Ստրաբոնի, Պլուտարքոսի և Պտղոմեոսի պատմական գործերին. «Կարծում եմ` այն ժամանակ Ադրբեջանի նախագահն իր խոսքում թույլ չի տա նման տհաճ պատմական անճշտություններ, որոնք հարիր չեն պետության առաջին դեմքին»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակի պատվին զինվորական շքերթի ժամանակ իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև ժամանակակից Հայաստանի տարածքը, որն ստեղծվել է Իրևանի խանության հողերում, Ադրբեջանի պատմական հողեր են: Ես չեմ կասկածում, որ հակամարտությունը կգտնի իր արդար լուծումը, և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի և Խանքենդի վրա»,-հավաստիացրել էր Ալիևը: