Ըստ Սամվել Զաքարյանի՝ ԲՈՀ-ի հերթական կամայական որոշումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ գիտության զարգացման համար
Արդեն ավելի քան երկու տարի է, որ Հայաստանում լույս է տեսնում երկլեզու (հայերեն եւ ռուսերեն) «Ֆարմա» հանդեսը, որի հիմնադիրներն են Դեղարտադրողների եւ ներմուծողների միության «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնը եւ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը: Պարբերականը, որը հայ գիտնականների համար իրենց գիտական հոդվածները անվճար տպագրելու եւ տարածելու լուրջ հարթակ է, լույս է տեսնում հասարակական հիմունքներով եւ անվճար բաժանվում է բժշկական կենտրոններին, գրադարաններին, գիտնականներին: Այսպիսով՝ «Ֆարման» Հայաստանի պատմության մեջ առաջին մասնագիտացված դեղագործական ուղղվածության պարբերականն է, որը տալիս է հնարավորություն՝ խթանելու դեղագործությունը՝ որպես գիտություն:
Այս հանդեսին գիտական պարբերականի կարգավիճակ տալու նպատակով 2012թ. նոյեմբերին՝ հիմնադրումից մեկուկես տարի անց, հիմնադիրները հայտ են ներկայացրել ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովին՝ «Ֆարմա» գիտագործնական ամսագիրը «ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում» ընդգրկելու համար: Այս ցանկում ընդգրկվելը հրատարակության կարգավիճակը կփոխեր՝ գիտահանրամատչելիից այն կդառնար գիտական, եւ, բնականաբար, այնտեղ տպագրված գիտական հոդվածները երիտասարդ գիտնականների համար իրենց գիտական կարիերայի առաջխաղացմանը նպաստող «կրեդիտներ» կբերեին:
Քանի որ պարբերականը այդ բնույթի միակ հարթակն է Հայաստանում, նրա կարգավիճակի հաստատումը՝ որպես գիտական հրատարակություն, ավելի քան հրատապ է՝ հաշվի առնելով հատկապես մեր իշխանությունների կողմից դեղագործությունը տնտեսության առաջնահերթ ճյուղերից մեկի հռչակման փաստը: Ավելին, հրատարակությունը չափազանց լուրջ եւ պատկառելի խմբագրական խորհուրդ ունի՝ ՀՀ ներկայիս եւ նախկին առողջապահության նախարարներ, ԿԳ նախարարը, ԳԱԱ բազմաթիվ անդամներ, պրոֆեսորներ, դոկտորներ, ակադեմիկոսներ: Տպագրվող հոդվածներն էլ լուրջ խթան են երիտասարդ գիտնականների համար՝ գիտությամբ զբաղվելու եւ դեղագործությունը զարգացնելու:
Կարդացեք նաև
ԲՈՀ-ի պահանջները վերոհիշյալ ցանկում պարբերականը ընդգրկելու համար հետեւյալն են՝ գիտական կենտրոնների կամ գիտական կազմակերպությունների, կամ հավատարմագրված բուհերի գիտխորհուրդների երաշխավորությամբ հրատարակությունը, գիտական կամ գիտամեթոդական լինելը եւ որոշակի մասնագիտական ընդգրկում ունենալը, խմբագրական խորհուրդ ունենալը, որի կազմում կլինեն համապատասխան բնագավառի գիտությունների դոկտորներ, հրապարակված նյութերի գրախոսություններ ունենալը, տարեկան առնվազն երկու անգամ հրատարակվել՝ նվազագույնը 100 օրինակով եւ այլն, եւ այլն: «Ֆարմա» պարբերականը տառ առ տառ համապատասխանում է այս եւ մնացած բոլոր պահանջներին: Ավելին, այն ունի նաեւ կայքէջ, որում հրապարակվում են հոդվածների ռուսերեն տարբերակները, եւ արդյունքում մեր երիտասարդ գիտնականների հոդվածները կարդացվում են նաեւ դրսում, եւ հայկական դեղագործության գիտական բրենդը, որ կար դեռ ՍՍՀՄ ժամանակներում՝ մեծանուն Արմենակ Մնջոյանի շնորհիվ, պահպանելու եւ զարգացնելու շանսեր են առաջանում:
Սակայն:
Սակայն ԲՈՀ-ը լրիվ այլ չափանիշներով է առաջնորդվում, միայն թե՝ ոչ այնքան հասկանալի:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը՝ 2012թ. նոյեմբերին՝ հայտը ներկայացնելուց հետո, Դեղարտադրողների եւ ներմուծողների միության աշխատակիցները պարբերաբար հետաքրքրվում են ԲՈՀ-ից, թե ի՞նչ եղավ իրենց հայտը, քննարկվե՞ց, թե՞ ոչ, քանի որ, ըստ կարգի, դեկտեմբերին ԲՈՀ-ը 11 հոգանոց հանձնաժողովում պետք է հայտերը քննարկեր: Զանգերին ԲՈՀ-ից պատասխանում են, որ քննարկումը հետաձգվում է, կլինի հունվարին: Հունվարի վերջին հերթական զանգին ԲՈՀ-ից պատասխանում են, թե՝ էլ մի զանգեք, երբ որ քննարկումը լինի, մենք ձեզ կտեղեկացնենք: Բնականաբար, չեն տեղեկացնում, եւ փետրվարի մեջ հերթական զանգին ԲՈՀ-ի փոխնախագահ Լիլիթ Արզումանյանը պատասխանում է, թե՝ գիտեք, ձեզ մերժել են: «Հարցիս, թե ինչո՞ւ են մերժել, Լիլիթ Արզումանյանը պատասխանում է՝ ձեր պարբերականը միության պարբերական է, ես ասում եմ, որ մեր հիմնադիրներից մեկը ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն է, պատասխանում է՝ վա՜յ, ճիշտ եք ասում, ասում է՝ ԿԳ նախարարը ձեր ամսագիրը ջնջել է ցուցակից, ասում եմ՝ ինչպե՞ս, Աշոտյանը մեր խմբագրական կոլեգիայի կազմում է, ասում է՝ հա, վա՜յ… հետո թե՝ ձեր ամսագիրը մեկ տարի չկա, ինչ լույս է տեսնում, պետք է մեկ տարուց ավելի լինի, ես ասում եմ՝ նայեք հայտը, մենք արդեն 1 տարի 7 ամիս է՝ հրատարակվում ենք, ասում է՝ հա, վայ… Մի խոսքով՝ ասում եմ՝ ուղարկեք նիստի արձանագրությունը, տեսնենք՝ ինչու եք մերժել»,- պատմում է Ս. Զաքարյանը:
Երբ այդպես էլ չեն ստանում որեւէ գրավոր պատասխան՝ «Ֆարմա» ամսագրի գլխավոր խմբագրի անունից գրավոր դիմում են ԲՈՀ՝ հիշեցնելով Տեղեկատվության մասին օրենքի համապատասխան հոդվածը եւ խնդրելով տրամադրել ԲՈՀ-ի կոլեգիալ նիստի արձանագրությունը եւ որոշումը, եւ պարզաբանել, թե ինչ հիմքով է մերժվել հայտը, եթե ամսագիրը բավարարում է ԲՈՀ-ի առաջադրած բոլոր պահանջներին:
Եվ ահա, փետրվարի 26-ին ստացվում է ԲՈՀ նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակը, որում ասվում է. «ՀՀ ԲՈՀ-ի Ատենախոսությունների արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակը քննարկվում է ԲՈՀ-ի խորհրդում, ապա ՀՀ ԿԳ նախարարի մոտ: Քննարկման արդյունքում «Ֆարմա» գիտագործնական ամսագիրը չի կարող ընդգրկվել նշված ցուցակում, քանի որ այն առավելապես ունի գործնական, գովազդային նշանակություն եւ հրատարակվում է ընդամենը մեկ տարի»:
Այս՝ ոչ այնքան հստակ գրությանն ի պատասխան՝ «Ֆարմայից» մարտի 4-ին ԲՈՀ է ուղարկվում հաջորդ հաղորդագրությունը, որում խնդրում են տեղեկացնել ԲՈՀ-ի համապատասխան նիստի ամսաթիվը եւ ԿԳ նախարարի հետ ցուցակի քննարկման ամսաթիվը եւ տրամադրել նիստի արձանագրությունը: Պատասխան չի հետեւում: Հաջորդ գրությամբ «Ֆարման» արդեն մարտի 22-ին պահանջում է նիստի արձանագրությունը եւ «մեկ անգամ եւս խնդրում գրությունը ստանալուն պես անհապաղ տեղեկացնել ԲՈՀ-ի խորհրդի համապատասխան նիստի ամսաթիվը, նախարարի հետ քննարկման ամսաթիվը եւ տրամադրել նիստի որոշման եւ արձանագրության պատճենները»՝ հավելելով, որ «դիմումն ամբողջությամբ կամ մասնակի մերժելու դեպքում ստիպված կլինենք պահանջվող փաստաթղթերը ստանալ դատական կարգով»:
Այստեղ արդեն Ա. Ղուկասյանը ուղարկում է հետեւյալ գրությունը. «Ի պատասխան Ձեր 22.03.2013 դիմումի՝ մեկ անգամ եւս հայտնում ենք, որ ՀՀ ԲՈՀ-ի 14.03.2013թ. նիստում քննարկվեց «Ֆարմա» ամսագիրը Ատենախոսությունների արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկելու հարցը: Քննարկման արդյունքում որոշվեց, որ նպատակահարմար չէ «Ֆարմա» ամսագիրն ընդգրկել վերը նշված ցուցակում:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ անգամ գործնական հարաբերություններում, բացի իրավական նորմերից, գործում են նաեւ էթիկայի նորմեր, որոնք խախտված են Ձեր բոլոր գրություններում, անհարգալից տոնը՝ «հրատապ պահանջատիրությամբ», պատիվ չի բերում գործնական նամակագրությանը»:
Այս գրագրությունից ակնհայտ է, որ մինչեւ մարտի 14-ը չի եղել ոչ մի նիստ, եւ Արտուշ Ղուկասյանը միանձնյա որոշում է կայացրել մերժել «Ֆարմայի» հայտը, անգամ եթե այն համապատասխանում է հենց ԲՈՀ-ի ներկայացրած բոլոր պահանջներին:
Ավելին, ակնհայտ է, որ պարոն Ղուկասյանի համար օրենքին համապատասխան գործունեություն պահանջելը համարվում է «էթիկայի նորմերի խախտում», իսկ Տեղեկատվության մասին կամ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքների հիշատակությամբ տեղեկատվության պահանջը՝ մի քանի ամիս շարունակ, համարվում է անհարգալից տոն եւ «հրատապ պահանջատիրություն»:
Այսքանից հետո Դեղարտադրողների եւ ներմուծողների միությանը այլ բան չի մնում, քան դիմել կառավարությանը: Ինչպես ասաց Միության տնօրեն Սամվել Զաքարյանը՝ «այս ամենից հետո, հասկանալով, որ գործ ունենք ինքնավարչարարության եւ ոչ ադեկվատ մարդկանց հետ, մայիսի 31-ին, այսինքն՝ պարոն Ղուկասյանի ստացած հայտնի «խիստ նկատողությունից» մեկ շաբաթ հետո, մենք դիմեցինք վարչապետին եւ ԿԳ նախարարին: Ես պարոն նախարարից պահանջում եմ ոչ թե խիստ նկատողություն, այլ ուղղակի հեռացնել աշխատանքից Հայաստանի գիտության առաջընթացը խոչընդոտող անձին: Այս բոլոր փաստերը ապացուցում են, որ այս անձնավորությունը սաբոտաժի է ենթարկում մի ամբողջ ոլորտի զարգացում, որը մեր տնտեսության համար խիստ կարեւոր եւ նշանակալի ոլորտներից է»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ