Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ պաշտպանական համակարգը ամրապնդվում է նաեւ ադրբեջանական նավթադոլարներով»

Հունիս 26,2013 15:00

Ըստ ՌԴ Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովի՝ Հայաստանը հետաքրքրված է ռուսական բանակի մարտունակությամբ

-Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին մատակարարել հարվածային նշանակության շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող զինտեխնիկա, այս մասին օրերս ռուսաստանյան հեղինակավոր «Վեդոմոստի» պարբերականը գրեց՝ վկայակոչելով իր աղբյուրները ՌԴ ՊՆ-ում եւ ռազմարդյունաբերական համալիրում։ Հայերին անհանգստացնում է այն փաստը, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է գնում, այն, որ պաշտոնական Բաքուն գնում է զինտեխնիկա ոչ միայն ՌԴ-ից, այլեւ Ուկրաինայից, Թուրքիայից, Իսրայելից: Բայց մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանին զինում է հատկապես ՌԴ-ն՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Պարոն Կռիլով, ի՞նչ եք կարծում այս հարցի առնչությամբ:

– Հակամարտության գոտուն ցանկացած զինտեխնիկայի մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ լարվածության մեծացման է հանգեցնում: Հասկանալի է, որ Հայաստանում ծայրահեղ բացասական արձագանքի է արժանացել ՌԴ-ից Ադրբեջան զինտեխնիկայի մատակարարման փաստը: Ակնհայտ է, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա: Սովորաբար նման դեպքերում հայաստանյան ԶԼՄ-ներում զգացմունքային, մեղմ ասած՝ ծայրահեղ քննադատության պակաս չի զգացվում Մոսկվայի ուղղությամբ: Անձամբ ինձ բացարձակապես դուր չի գալիս դա՝ մի քանի պատճառներով: Բայց եկեք փորձենք հասկանալ ամեն ինչ՝ առանց էմոցիաների:

«Վեդոմոստի» թերթը ՌԴ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չէ: Առանց պաշտոնական աղբյուրների տեղեկությունների այդ գործարքի մասին հավանական է, որ թերթը ակամայից կարող էր խեղաթյուրել իրական պատկերը։ Սակայն այդ հրապարակումից հետո պաշտոնական աղբյուրներից հերքում չի եղել, այդ իսկ պատճատով մեծ է հավանականությունը, որ «Վեդոմոստի»-ի հրապարակումը մասնակիորեն կամ լիովին համապատասխանում է իրականությանը, եւ մամուլի արտահոսքը իրականացվել է մտածված:

Եթե ՌԴ-ից Ադրբեջանին հարվածային նշանակության շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող զինտեխնիկայի մատակարարման գործարքը իսկապես ճիշտ է, ապա ինչո՞ւ են ռուսաստանյան իշխանությունները գնում դրան: Հավանաբար, կան որոշ նկատառումներ. ցանկություն՝ գումար վաստակելու, ստացված գումարը ներդնել սեփական ռազմաարդյունաբերական համակարգում եւ ռուսական բանակի արդիականացմանը, ինչպես նաեւ գիտակցումը, որ 1 միլիարդ դոլարով Ադրբեջանը հանգիստ կարող է գնել համարժեք համակարգեր եւ զինտեխնիկա միջազգային շուկայում, ինչը եւ արվում է. դա հայտնի է բոլորին, եւ այդ մասին դուք էլ նշեցիք ձեր հարցում:

Խելամտորե՞ն կվարվի ՌԴ-ն՝ կորցնելով Բաքվի նկատմամբ ազդեցության լծակները պահպանելու հնարավորությունները (սպառազինությունը պահանջում է տեխսպասարկում, պահեստամասեր, ռազմամթերք եւ այլն) եւ հնարավորությունը՝ լավ գումար աշխատելու եւ ստացված միջոցները օգտագործելու սեփական բանակի համար… Եթե նույնիսկ դա կանխատեսելի բուռն արձագանքի արժանանա դաշնակից Հայաստանում, կարո՞ղ է նման գործարքը տարածաշրջանում չփոխել ուժերի հարաբերակցությունը: Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ եւ ՌԴ դաշնակից՝ նրանից անվտանգության երաշխիքներ ունենալով, որոնք ամրագրված են հատուկ համաձայնագրերով, հետաքրքրված է ռուսական բանակի մարտունակությամբ: Եթե դա իրականացվի ոչ ռուսական եւ ոչ հայկական գումարներով, այլ ադրբեջանական, գուցե այդ դեպքում Հայաստանին է՞լ է ձեռնտու: Բնականաբար, այն դեպքում, եթե Հայաստանի անվտանգության պաշտպանությունը իրականացվում է ավելի իդեալական, հզոր եւ ժամանակակից զինտեխնիկայով, քան նրանով, ինչ առեւտրային հիմքով մատակարարվում է Ադրբեջանի դեպքում: Իրականում հենց դա էլ տեղի է ունենում: Կարելի է ասել, որ արդյունքում Հայաստանի պաշտպանական համակարգը ամրապնդվում է, այդ թվում նաեւ՝ ադրբեջանական նավթադոլարներով: Ի դեպ, պետք չէ ամեն ինչ դիտարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, Հայաստանի անվտանգության պոտենցիալ վտանգները շատ ավելի լայն են՝ կապված նրա հետ, թե ինչ է կատարվում եւ կարող կատարվել Հայաստանի հարավային սահմաններում:

– Պարոն Կռիլով, Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, նպաստո՞ւմ է ԼՂ խնդրի կարգավորմանը՝ զենք մատակարարելով հակամարտության մեջ գտնվող կողմերին:

– Նոր պատերազմի կանխման եւ ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման համար կարեւոր է ուժերի այնպիսի հավասարակշռության պահպանումը, որը թույլ չտա հակամարտության որեւէ կողմին (թեեւ բոլորի համար էլ պարզ է, որ իրականում խոսքը վերաբերում է մի կողմին) հույսը դնել հակառակորդի արագ ջախջախման վրա՝ ռազմական ճանապարհով:

Եթե մինչ այժմ պատերազմ չկա, եւ նույնիսկ կայուն լարվածության պայմաններում շփման գծում դրա հեռանկարները մոտ ապագայում էլ չկան, նշանակում է՝ մեր դաժան եւ անարդար աշխարհում ռուսական քաղաքականությունը այդ խնդիրը հաղթահարում է, նշանակում է՝ ՌԴ-ն համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրի իր դերին: Դա ամենեւին չի նշանակում, որ ռուսական քաղաքականությունը իդեալական է, այն կարող է հիմնավոր դժգոհություն առաջացնել Հայաստանում, Հարավային Կովկասի այլ երկրներում, մեր արեւմտյան գործընկերների մոտ, նույնիսկ ՌԴ-ում: Բայց ամեն դեպքում այդ քաղաքականությունը քննարկել անհրաժեշտ է ժամանակակից միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների առումով, ի համեմատություն այն քաղաքականության, որը վարում են մյուս գերտերությունները հարեւան տարածաշրջաններում՝ Մեծ Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում: Այնտեղ ընդունելի մեթոդները եւ միջոցները՝ խնդիրները կարգավորելու ուղղությամբ, կարո՞ղ են Հայաստանի համար այլընտրանքային լինել ՌԴ-ի ներկա քաղաքականությանը եւ նրա հետ դաշնակցային հարաբերություններին: Հայաստանն անկախ պետություն է, եւ ինքն էլ այդ հարցին պատասխան կտա:

– Օրերս լրագրողների հետ հանդիպմանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հաստատեց, որ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ»-ի հետ քննարկում է «ՀայՌուսգազարդ»-ում հայկական 20 տոկոս բաժնեմասը վաճառելու հարցը: Մյուս կողմից՝ գազի սակագնի թանկացման գործընթացի հիմքում կարո՞ղ ենք տեսնել Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին գործընթացները: ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը ձգտելու արդյունքո՞ւմ է ռուսական կողմը գազի սակագների փոփոխություն առաջարկում, ինչպես այս օրերին շատերն են նշում:

– Ձեւակերպումը՝ «քննարկում է հարցը» ամենեւին չի նշանակում, որ հարցը որոշված է, եւ որ բաժնեմասի վաճառքի մասին որոշումն ընդունված է: Գազի սակագների թեման վաղուց է քննարկվել Հայաստանի իշխանությունների հետ, ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ սակագնի բարձրացման շուրջ, որը հետաձգվել է մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունների ավարտը: Այս ամենը տեղի է ունեցել ավելի առաջ, քան երբ «Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին գործընթացների» թեման դարձավ ակտուալ: Գործնականում Հայաստանի բնակիչների համար ռուսական գազի սակագնի կարեւորության հետ միասին խոսքը գնում է ավելի կարեւոր՝ Հայաստանի պատմական ընտրության խնդրի մասին, ինչը հայտնվել է բարդ իրավիճակում՝ երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ:

Արտաքինում Հայաստանի համար աշխարհում խաղի կանոնները անընդմեջ փոխվում են: Մաքսային միության ստեղծման հետ կապված՝ փոխվելու են շատ կանոններ հետխորհրդային տարածքում: Խաղի որ կանոններով է նախընտրում խաղալ Հայաստանը՝ Եվրամիությա՞ն, թե՞ Եվրասիական՝ հենց իրենից է կախված: Դա կլինի իր սեփական ընտրությունն ու սեփական պատասխանատվությունը:

ԵՄ-ի ապագայի զարգացման հեռանկարները՝ ճգնաժամի չհաղթահարման պայմաններում, դեռ հստակ չեն: Առավել եւս հստակ չեն (եթե չասենք՝ ավելին) նրա հետագա ընդլայնման հեռանկարները եւ այն ծրագրերինը, որոնք կապված են հետխորհրդային տարածքի հետ:

Բարդ է գնահատել այնպիսի ինտեգրացիոն ծրագրերի ճակատագրերը, ինչպիսիք են Մաքսային միությունն ու Եվրասիական միությունը: Բացառված չէ, որ չնայած տարածված թերահավատությանը նրանց շուրջ՝ այս ծրագրերը պատմական հեռանկար ունենան: Ինչպես նաեւ չի բացառվում հակառակը:

Ժամանակակից աշխարհում դժվար է միաժամանակ երկու խաղի կանոններով խաղալու հնարավորությունը պահել՝ Եվրամիության եւ Եվրասիական: Հենց դա է ենթադրում Երեւանում հնչած լոզունգը՝ «եւ-եւ»-ը՝ «կամ-կամ»-ի փոխարեն: Թեեւ անցյալում որոշ հայ քաղաքական գործիչների հաջողվում էր՝ «քայլել անձրեւի հոսանքների արանքում» եւ չոր մնալ: Կհաջողվի՞ դա ներկայիս քաղաքական այրերին՝ ցույց կտա ժամանակը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ըըը says:

    կարճ՝ ռուսներից լավ քցող մենակ ռուսներն են, զզվում են դրանցից, լավ արին վրացիք ու ադրբեջանցիք ռադ արին, մենք էլ պետքա տենց անենք

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930