Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարությունը չի մեռել»

Հունիս 26,2013 14:58

Ասում է զինակոչիկի հարազատը

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր եկել հերթական զորակոչիկի հարազատը՝ խոսելու զինկոմիսարիատից եւ զինակոչից: Որքան մեծ էր մեր զարմանքը եւ ուրախությունը, երբ այս անգամ պարզվեց, որ զինկոմիսարիատից եւ պաշտպանության նախարարությունից ոչ թե հերթական դժգոհությունն է, այլ՝ շնորհակալությունը:

Ճիշտ է, մեր աշխատանքը խնդիրները վեր հանելն է, սակայն արդարության դեմ չմեղանչելու համար չենք կարող չհրապարակել նաեւ դրականը:

Տիկին Թամարա Գրիգորյանը Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ Արմեն Գաբրիելյանի մորաքույրն էր, եւ նա Արմենի ծնողների՝ Վասյա Գաբրիելյանի եւ Անահիտ Գրիգորյանի անունից արցունքն աչքերին շնորհակալություն էր հայտնում հանրապետական զորակոչային հանձնաժողովին՝ բարեխիղճ աշխատանքի համար:

«Անցած տարի աշնանը մեր տղային՝ որպես զինակոչիկ, բերեցին այստեղ՝ կենտրոնական հավաքակայան: Նա մեջքի շրջանում ուժեղ ցավեր ուներ: Հենց տեղում տարան հետազոտեցին եւ տեսան, որ ողնաշարի վրա երեք հատ ճողվածք (գրիժա) կա: Երեխայի զինակոչը երեք ամսով հետաձգեցին: Մի քանի օր առաջ նա նորից եկավ կենտրոնական հավաքակայան, եւ իրեն կրկին երկու անգամ հետազոտեցին, համոզվեցին, որ լուրջ խնդիր կա, եւ հիմա երեք տարով հետաձգեցին զորակոչը: Մեր կողմից ոչ մի միջամտություն, ոչ մի խնդրանք, ոչ մի բան չի եղել, մարդիկ բարեխղճորեն իրենց աշխատանքը արել են, եւ մենք չենք կարող չխոսել դրա մասին: Երեխային երեք անգամ «յամերով» ստուգել են՝ «Նաիրիում», զինվորական հոսպիտալում եւ 6-րդ հիվանդանոցում՝ իրենց միջոցներով, եւ տեսնելով, որ առողջականը թույլ չի տալիս, չեն զինակոչել»,- ասաց տիկին Գրիգորյանը:

«Իհարկե, մենք շատ ավելի ուրախ կլինեինք, եթե մեր երեխան առողջ լիներ եւ առողջ վիճակում գնար հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Բայց քանի որ նա խնդիր ուներ՝ մենք չենք կարող չասել, որ առանց որեւէ կողմնակի միջամտության նրա խնդիրը չանտեսվեց: Ես ուզում եմ մեր ընտանիքի, Արմենի ծնողների անունից բարեխիղճ եւ սրտացավ վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնել գլխավոր զինկոմին՝ Հենրիկ Մուրադյանին, եւ ՌՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանին՝ հոգատար եւ բարեխիղճ աշխատանքի համար: Բայց ամենամեծ շնորհակալությունը ուզում ենք ուղղել մեր պաշտպանության նախարարին, քանի որ նրա ճիշտ դրվածքի, սկզբունքային ղեկավարության շնորհիվ են նախարարության մյուս օղակները աշխատում ճիշտ եւ բարեխիղճ: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հավատա, որ արդարությունը չի մեռել, արդարությունը կա»:

ՄԵԼԱՆՅԱ  ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930