Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսալ» գործարանի աշխատակիցների գործը

Հունիս 26,2013 14:55

Վերջին օրերին լրատվամիջոցների էջերում «Ռուսալ» գործարանի 105 բանվորներին անարդարացիորեն աշխատավարձի հավելավճար չվճարելու վերաբերյալ նյութերն են: Բանվորների ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը մեղադրում է  գործարանի ղեկավարությանը, որը ոչ միայն հրաժարվում է վճարել աշխատանքի վնասակար պայմանների համար օրենքով բանվորներին հասանելիք հավելավճարը, այլեւ սպառնում է նրանց աշխատանքից հեռացնել, եթե շարունակեն իրենց արդարացի պայքարը։

«Բանվորի փողը ուտել չի լինի»,- ասում է փաստաբանը, սակայն ոչ մի օրենք չէր հիշատակում եւ ընդամենը պնդում է, որ եթե բանվորները վնասակար աշխատանքի պայմանների համար ժամկետից շուտ են թոշակի անցնում, ուրեմն տրամաբանական է, որ պետք է այդ նույն վնասակար պայմաններում աշխատելու համար օրենքով նախատեսված հավելավճար ստանան։

Ըստ փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հարցազրույցներից մեկի, այդ նույն գործարանի մեկ այլ արտադրամասի բանվորների նույնաբովանդակ պահանջով շուրջ երկու տարի առաջ տեղի ունեցած դատավարության ժամանակ գործարանը ընդունել է նրանց պահանջների արդարացի լինելը եւ դատարանում հաշտության պայմանագիր էր կնքել եւ կամովին վճարել հավելավճարները։ Հետեւաբար ինչ է ստացվում։ Եթե գործարանի ղեկավարությունը այս անգամ դա չի կատարում՝ կամ համոզված է իր դիրքորոշման իրավացիության մեջ, կամ էլ վստահ է իր անպատժելիությանը։

«Առավոտի» իրավական էջը, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի, ուսումնասիրել է զուտ այն փաստաթղթերը, որոնք առատ էին ոչ միայն բանվորների շահերը ներկայացնող «Լեւ գրուպ» (levgroup.am)  եւ  «Հատկապես կարեւոր գործերով» (viclawyers.com) փաստաբանական գրասենյակների կայքերում, եւ՝ մամուլի հրապարակումները։ Այս փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակ, օգտակար են եղել նաեւ մասնագետների կարծիքները: Այսպիսով, փաստաթղթերի (վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ, դատարանի վճիռներ, որոշումներ, հարցազրույցներում արված հայտարարություններ, դիմումներ եւ այլն) ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ բանվորների փաստաբանը պնդում է, որ.

1. Գործարանի ղեկավարությունը վնասակար պայմաններում աշխատող 105 բանվորներին օրենքի ուժով պետք է վճարի հավելավճար, սակայն չի վճարում։

2. Առաջին ատյանի դատարանը բազակողմանիորեն քննել է գործը եւ սահմանել է, որ գործարանը այդ աշխատակիցներին պետք է վճարի աշխատավարձի 50%-ի չափով հավելավճար։

3. Վերաքննիչ դատարանը սխալ որոշում է կայացրել, բավարարել է գործարանի վերաքննիչ բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։

4. Վճռաբեկ դատարանը «ձեռքերը լվացել է» եւ բանվորների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել։

Այժմ փորձենք ընթերցողի դատին ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները.

1) Գործարանի բանվորների փաստաբան Լ. Բաղդասարյանը իր ելույթներում եւ կազմած փաստաթղթերում պնդում է, որ գլանման արտադրամասի 105 բանվորները, որպես վնասակար պայմաններում աշխատողներ, «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի  համաձայն, օգտվում են վաղաժամ կենսաթոշակի անցնելու իրավունքից։ Բացի այդ, նրանք, որպես վնասակար պայմաններում աշխատողներ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, օգտվում են նաեւ ամենամյա լրացուցիչ արձակուրդից եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով անցնում են ամենամյա բուժզննում եւ այդ ամենից տրամաբանորեն հետեւում է, որ նրանք պետք է ստանան նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածով սահմանված աշխատավարձի հավելում։

Գործարանի շահերը ներկայացնող «Հատկապես կարեւոր գործերով» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Ն. Ճաղարյանի ու Մ. Գեւորգյանի վերաքննիչ բողոքի համաձայն, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածի՝ ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար սահմանված հավելումը տրվում է ՀՀ կառավարության 02.12.2010թ. թիվ 1698-Ն որոշմամբ հաստատված ծանր, վնաuակար արտադրությունների, աշխատանքների, մաuնագիտությունների եւ պաշտոնների N1 եւ առանձնապեu ծանր, առանձնապեu վնաuակար արտադրությունների, աշխատանքների, մաuնագիտությունների եւ պաշտոնների N2 հավելվածների ցանկում ընդգրկված անձանց, որոնցից ոչ մեկում 105 աշխատակիցների կատարած աշխատանքը ներառված չէ: Չնայած հարցը, ըստ գործարանի փաստաբանների, պարզից էլ պարզ է, իրենք դիմել են ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը, պաշտոնական պարզաբանում ստանալու համար  այն մասին, թե կարո՞ղ է, արդյոք, գլանման արտադրամասում աշխատող գլանողների, փաթթոցի վերափաթաթողների, կռունկավարների մասնագիտությունը համարվել առողջության համար վնասակար կամ առանձնապես վնասակար, նախատեսվա՞ծ է, արդյոք, օրենքով նրանց համար հավելավճար: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը գրավոր հայտնել է, որ ի կատարումն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածի պահանջների, ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1698-Ն որոշմամբ հաստատվել է առողջության համար ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների ցանկը: 02.12.2010թ. թիվ 1698-Ն որոշմամբ «մետաղագործական արտադրություն» ոլորտում /VII եւ VIII բաժիններ/ «գլանողներ», «փաթթոցի վերափաթեթավորողներ», «կռունկավարներ» մասնագիտություն, աշխատանք կամ պաշտոն չի սահմանված, հետեւաբար հիշյալ իրավանորմի իմաստով նշված աշխատանք կատարողները կամ նշված մասնագիտություն ունեցող կամ պաշտոն զբաղեցնող աշխատանքը չի համարվում ծանր, առողջության համար վնասակար կամ առանձնապես վնասակար աշխատանքներ, մասնագիտություններ կամ պաշտոններ, ուստի նշված հիմքով «գլանողներ», «փաթթոցի վերափաթեթավորողներ», «կռունկավարներ» աշխատողների ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 183 հոդվածով սահմանված հավելումներ չի հաշվարկվում եւ չի վճարվում: Բացի այդ, համաձայն գործարանի փաստաբանների, բանվորների ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը նույնպես գրավոր կարգով դիմել է ՀՀ վարչապետին՝ ներկայացրել գլանման արտադրամասում աշխատող եւ նախկինում աշխատած, իսկ ներկայումս տարբեր ժամանակներում տարիքային արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցած անձանց աշխատանքային պայմանները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածի հիմքով հավելավճար չստանալու հանգամանքները եւ խնդրել է վերջնական հանգուցալուծում տալ այդ հարցին:

Նշված դիմումի կապակցությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի գրությամբ Լ. Բաղդասարյանին հայտնել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածի մանրամասն բովանդակությունը եւ «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, ինչպես նաեւ այն, որ ՀՀ կառավարության 02.12.2010թ. թիվ 1698-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 եւ 2 հավելվածներով սահմանված ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների առանձնապես ծանր, առանձնապես վնասակար, արտադրությունների աշխատանքների եւ պաշտոնների ցանկի մասին: Միաժամանակ հայտնվել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով եւ «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքով սահմանված խնդրո առարկա ցանկերը չեն համընկնում, քանի որ այդ ցանկերի կազմման սկզբունքներն ու մոտեցումներն ունեն առանձնահատկություններ:

Նշված հարցը ՀՀ Ազգային ժողովի 02.11.2012թ. նիստում բարձրացվել է պատգամավոր Հ. Բաբուխանյանի կողմից, որին ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից տրվել է պատասխան, որ աշխատավարձի հավելավճարները բխում են ՀՀ աշխատանքային օրենսգրքից եւ հակասություններ չկան:

2) Լ. Բաղդասարյանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը բազակողմանիորեն քննել է գործը եւ սահմանել է, որ գործարանը այդ 105 աշխատակիցներին պետք է վճարի աշխատավարձի 50%-ի չափով հավելում։

Հակառակ դրան, գործարանի փաստաբանները, համաձայն իրենց վերաքննիչ բողոքի, գտնում են, որ առաջին ատյանի դատարանը, թույլ տալով օրենքի մի շարք կոպիտ խախտումներ, անցել է հայցվորների կողմը, խախտել է գործարանի ներկայացուցիչների իրավունքները եւ առանց հիմքերի կայացրել է բանվորների օգտին որոշում։ Նրանք, մասնավորապես, պնդել են, որ դատարանը չի կայացրել եւ պատասխանող կողմին չի ուղարկել դատաքննություն նշանակելու մասին որոշում, որով վերջիններիս զրկել է պատշաճ կարգով ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից։ Խախտելով դատավարության հիմնարար սկզբունքներից մեկը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի պահանջը, որ գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը, առաջին ատյանի դատարանը ոչ թե հայցվորներից (գործարանի բանվորներից) է պահանջել, որ ապացուցեն իրենց պնդումներն այն մասին, որ աշխատում են վնասակար պայմաններում, այլ պատասխանողին (գործարանի ներկայացուցչին) է պարտադրել փորձագիտական եզրակացությամբ ապացուցել, որ նրանք վնասակար պայմաններում չեն աշխատում եւ դրա բացակայությունը գնահատել է հայցվորների օգտին։ Առաջին ատյանի դատարանը գործարանի ներկայացուցչի ներկայացրած օտարալեզու փաստաթուղթը չի ընդունել որպես ապացույց, սակայն խախտելով իր իսկ որոշումը, հայցվորների փաստարկները քննարկելիս այն որպես ապացույց է դիտել եւ հայցվորների օգտին գնահատել։ Թեեւ հայցվորները պնդել են, որ տասնյակ տարիներ աշխատել են վնասակար պայմաններում, սակայն չեն ներկայացրել որեւէ ապացույց, որը կապացուցեր, որ նրանց կողմից կատարվող աշխատանքները վնասակար են կամ այդ աշխատանքներով զբաղվողներից որեւէ մեկի առողջությանն այդ տասնյակ տարիների ընթացքում վնաս է պատճառվել, կամ մասնագիտական հիվանդություն է ձեռք բերել։

Ըստ գործարանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի, դատարանն առանց որեւէ հիմնավորման չի ընդունել հարցի վերաբերյալ պատկան մարմինների գրավոր պաշտոնական պարզաբանումները, ներկայացված բոլոր թույլատրելի եւ ոչ թույլատրելի ապացույցները գնահատել է հօգուտ հայցվորների եւ անվերապահորեն ընդունելով նրանց դիրքորոշումը, բանվորների օգտին վճիռ է կայացրել։

3) Բանվորների փաստաբան Լ. Բաղդասարյանը պնդում է, որ վերաքննիչ դատարանը սխալ որոշում է կայացրել, բավարարել է գործարանի վերաքննիչ բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Մինչդեռ վերաքննիչ դատարանը արձանագրել է առաջին ատյանի դատարանի թույլ տված սխալները եւ գտնելով, որ աշխատավարձի հավելում վճարելու միակ հիմքը կառավարության հաստատած համապատասխան ցուցակում ընդգրկված լինելն է, բավարարել է գործարանի ներկայացուցիչների բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։

4) Կողմը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը «ձեռքերը լվացել է» եւ բանվորների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել։

Ճիշտն ասած, միայն փաստաբանների դատադուլի առթիվ հրապարակված հրապարակումներին հետեւելով, մեզ համար էլ պարզ դարձավ, որ լոկ Քրեադատավարական օրենսգրքի համապատասխան հոդվածի բովանդակությունը շարադրելը եւ ընդհանուր բնույթի դատողություններ անելը ՀՀ վճռաբեկ դատարանը բավարար չի համարում բողոքը վարույթ ընդունելու համար։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930