Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոմբարդից» մինչեւ շեֆի սիրուհի

Հունիս 26,2013 14:49

Ադալյանը գրել է, Ղազանչյանը՝ բեմադրել

Նորայր Ադալյանը գրական-գեղարվեստական այն սերնդի ներկայացուցիչն է, որին ընդունված է կոչել «60-ականների սերունդ»: Մասնագետները խոսելով նրա մասին, մշտապես արտահայտվում են, թե Ադալյանը ասպարեզ եկավ կարծես հնի ու հնացածի դեմ կռվելու ու նորարարության շունչը հաստատելու, իհարկե՝ չհեռանալով դասական ավանդական հզոր ազդեցությունից:   Թատերասերներին ծանոթ են տարբեր ժամանակներում Երեւանի դրամատիկական թատրոնում բեմադրված նրա «Ներկաներ, բացականեր», «Կինը եւ տղամարդը», «Սպանության վկաները» ստեղծագործությունները, որտեղ դրամատուրգն անդրադառնալով դրամատիկական իրավիճակներին, բարձրացնում է անձի «անհարմարավետության» խնդիրը հասարակության մեջ:

«Առավոտը» փորձեց կապվել Նորայր Ադալյանի հետ: Ապարդյուն: Ուզում էինք ստանալ հետեւյալ հարցի պատասխանը. հիշյալ բեմադրություններից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է իրականության մեջ, թե՞… Այս հարցը հղացավ, երբ օրերս ներկա էինք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ընթացող նրա՝ «Լոմբարդ» կատակերգության փորձերին: Այս անգամ դրամատուրգը  նեղացրել է իր սիրած թեման. հիմա էլ վեր է հանում մտավորականի անպաշտպանվածությունը: Բեմադրության ռեժիսոր Երվանդ Ղազանչյանն ասաց, թե պրեմիերան պլանավորել են աշնանը:

Այս տխուր կատակերգության մեջ շատերն իրենց կարող են ճանաչել, թեկուզեւ առանց խոստովանելու՝ արեւածաղիկ վաճառողից մինչեւ ԱԺ պատգամավոր: «Լոմբարդում» տեսանելի է, թե ինչպես անձը կարող է  արեւածաղիկ, զուգարանի թուղթ վաճառողից դառնալ շինարարական խանութի սեփականատեր, ավելին՝ պատգամավոր: Իսկ կատակերգության մեխը հետեւյալն է. երջանիկ պատահականությամբ վերջապես բացառիկ հնարավորություն է ընձեռվում մտավորականին՝ աստղագետին, իրեն գրավ դնել, այդպիսով ապահովելով հայերիս այնքան ծանոթ Նոր տարվա սեղանի ճոխությունը՝ թթվից մինչեւ խոզի բուդ: Հետո էլ մեր ժամանակներին հարիր թեմաներ են շոշափվում, օրինակ՝ ամուսնուն գրավից հանելու համար օգնության է հասնում կինը, իսկ ճանապարհը մեկն է. նա ստիպված սիրային կապերի մեջ է մտնում ամուսնու շեֆի հետ… Գլխավոր դերերում են. աստղագետ՝ Ավո Խալաթյան, նրա կինը՝ Բիչի՝ Սաթիկ Հախնազարյան (լուսանկարում):

Կոմեդիայի թատրոնի ուղղվածությունն է  հումորի, երգիծանքի, երաժշտության  լեզվով վեր հանել ժամանակի խնդիրները, հետեւաբար Երվանդ Ղազանչյանից հետաքրքրվեցինք՝ ներկայացումների շնորհիվ թատրոնին հաջողվո՞ւմ է որեւէ՝ թեկուզ առաջին հայացքից մանրուք թվացող բան փոխել մեր կյանքում: «Ոչ մի թատրոն եւ ոչ մի ներկայացում  դեղատոմս չի առաջարկում: Հանդիսատեսը ինքը պետք է վերցնի այն, ինչ պակասում է իրեն ու դրանով լրացնի բացը»,- ասաց բեմադրիչը: Պարոն Ղազանչյանը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքին, հավելեց՝ ներողություն խնդրելով. «Բոլոր դեպքերում ինձ համար ընդունելի է առաջինը մեր հեղինակների, թեկուզեւ թերի երկերի իրականացումը: Երիտասարդ կոլեգաներս ինչքան քիչ ոգեւորվեն  Սարտրով կամ Իոնեսկոյով, այնքան կարդարացնեն իրենց տեղը հայ թատրոնում եւ նրանք պետք է ի վերջո ներկայացնեն մի հերոսի, ով գոնե մինչեւ այսօր չկա, որ երիտասարդները փորձեն նմանվել նրան»:

Երվանդ Ղազանչյանը բեմադրությունն իրականացնելու համար հրավիրել է բեմական շարժման ռեժիսոր Լեւոն Իվանյանին, ում ներկայությունը արդարացրեց հետեւյալ կերպ. «Ներկայացման մեջ երգչախմբի արտիստները որպես ժողովուրդ մասնակից են ոչ միայն երգային «արձագանքներով», այլեւ մարմնական պլաստիկայով, ինչը բեմականորեն ավելի է շեշտում կատակերգությունում  արծարծվող թեման»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ՝ «այլաբանական շեշտված թատերային բանաձեւով իրադարձությունները  ներկայացվում են չափազանցությունների տեսքով, դրանով ավելի շեշտելով մեր կյանքի անցանկալի թերությունները»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930