ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գնահատմամբ, երկրում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է, ազգային պետական արժեքների նահանջ, արտագաղթի տրամադրություններ:
«Թվում է, թե քաղաքական ակտիվ գործընթացները դադարել են, ամառային անդորր է, հետընտրական ցիկլը ավարտվել է, եւ քաղաքական հիմնական ուժերը դադարի մեջ են, բայց մյուս կողմից, ներքին այսքան մեծ լարվածություն քաղաքական կյանքում քիչ է եղել: Իշխող մեծամասնության ներսում որոշակի գործընթացներ կան, ՎՊ-կառավարություն ակնհայտ հակասություններ, խախտումներ մարզերում, ամեն օր հուզումներ գյուղերում… Եվրազե՞ս, թե՞ Եվրամիություն: Դժվար մի ժամանակ ենք ապրում»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց պարոն Վարդանյանը:
Հետո անդրադարձավ, թե ինչ է անում այս փուլում ընդդիմությունը.«ՀՅԴ-ն այս փուլում ակտիվ ներքին քննարկումներ է անում` վերաիմաստավորելու մեր վերջին տարիների գործունեությունը, սխալները, բացթողումները, հասկանալու երկրի իրական վիճակը եւ մեր դերակատարությունը… մեզ համար ներքին բարեփոխումների ժամանակ է »:
Թե ինչ է անում իշխանությունը, ըստ պարոն Վարդանյանի, այդ հարցը մակերեսի վրա է.«Իրենք էլ կդժվարանան պատասխանել: Սկսել են տարաձայնություններ, հակասություններ հենց իրենց ներսում, եւ պարզ չէ, թե սա ուր է տանելու: Եվ սրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքական համակարգը գերմոնոպոլացված է: Բոլորը սպասում են Հայաստանի նախագահի խոսքին, թե ինչպես կկողմնորշվի, ինչ կասի, եւ այս լուռ ներքին հակամարտությունը դեռ շատ ջուր է քաշելու: Իբրեւ քաղաքացի` կուզեի, գոնե այս աշնան սկզբին նախագահը ուղերձով դիմեր ժողովրդին: Ներքին հարցերը եւ արտաքին մարտահրավերներն այնքան են հասունացել, որ նման ուղերձի կարիք կա: Որ տրվեն այս փուլի ուղենիշերը, եւ խաղի հստակ կանոններ թելադրվեն, որ երկիրը կարողանա այս իրավիճակից դուրս գալ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ