Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրել են հուշագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության մասին

Հունիս 26,2013 14:44

Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստեն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ: Ներկայացնելով հուշագրի նպատակը՝ նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը նշել է, որ նախատեսվում է ՀՀ ավագ դպրոցների աշակերտների և ուսանողների համար մշակել լրացուցիչ դասընթաց՝ ԵՄ աշխարհագրության, պատմության և արժեքային համակարգի և ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների մասին, իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, որոնք կարող են նպաստել աշակերտների և ուսանողների մոտ բանավիճելու, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը: “Հուշագրով սահմանված է միջոցառումների ծրագիր, ուսանողների, դասավանդողների և աշակերտների համար նախատեսված ձեռնարկի ու կրթական նյութերի մշակում, հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում, առցանց ուսումնական միջավայրի ստեղծում՝ մանկավարժների և աշակերտների համար: Ստեղծվելու է նաև կայք, որը կունենա ինտերակտիվ հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան շփվել, քննարկումներ կազմակերպել, հարցադրումներ անել և տեղեկացվել Հայաստան–ԵՄ համագործակցության մասին”,- նշել է Կ. Հարությունյանը: Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստեն շեշտել է, որ նախաձեռնությունը կարևոր է, քանի որ ԵՄ կողմից ֆինասավորվող ծրագրերում կրթությունը հատուկ տեղ ունի: <Հայաստանը ընտրել է մի ճանապարհ, որը երկրին մոտեցնում է Եվրոպական Միությանը: Բնականաբար այդ ճանապարհին պետք է բարեփոխումներ իրականացվեն, որոնք անպայման կազդեն և փոփոխություններ կբերեն մարդկանց, հատկապես երիտասարդների կյանքում: Մեր նպատակն է աջակցել, որպեսզի երիտասարդությունը տեղեկացված լինի ԵՄ մասին>,- նշել է Է. Հալլիստեն:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հույս է հայտնել, որ Հայաստան-ԵՄ իրազեկվածության բարձրացմանը միտված ծրագիրը կնպաստի նաև ուսանողական շարժունության աճին, Բոլոնիայի խմբի կողմից իրականացված վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում շարժունության հիմնական խոչընդոտներից մեկը համարվել է տեղեկացվածության պակասը: <Ուսանողների փոխանակումը Հայաստան-Եվրոպական միություն և հակառակ ուղղությամբ կատարվում է երկու մակարդակներում՝ միջպետական պայմանագրերով, որոնց բոլոր հայտարարությունները տեղադրվում են ՀՀ ԿԳՆ կայքում, ինչպես նաև ԵՄ ուղղորդված ծրագրերի միջոցով>,- նշել է նախարարի տեղեկալն ու հավելել, որ Հայաստանում ուսանողական շարժունությունը կազմում է մոտ 2 տոկոս :
Ծրագրում ներառված են 12 ավագ դպրոցներ՝ մայրաքաղաք Երևանից և ՀՀ մարզերից, ինչպես նաև չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ծրագիրը կիրականացվի 2-փուլով՝ 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի սեպտեմբերը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930