Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտեմարանի առկայության դեպքում մենք շատ ունեցանք ծածկագրերից օգտվելու փորձեր».Գագիկ Մելիքյան

Հունիս 26,2013 14:40

Շուրջ յոթ օրվա ընթացքում, 3-4 օր ընդմիջումներով, անցկացվել են 15 ուսումնական առարկաների պետական ավարտական և միասնական քննություններ, որոնք իրականացվել են 36 քննակենտրոններում, որոնցից 11-ը Երևանում, մնացածը` մարզերում: «Ամենաշատ դիմորդները գրանցվեցին հայոց լեզու և հայ գրականություն առարկայից` 8648 դիմորդ, այնուհետև մաթեմատիկա և անգլերեն առարկաներից: Այս առարկաներից քննությանը չեն ներկայացել 300 դիմորդ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

Ըստ բանախոսի` հիվանդության և այլ պատճառներով ընդհատվել է 22 դիմորդի աշխատանք` ամբողջ հանրապետությունում, որից հինգ դիմորդ հեռացվել են քննասենյակից: «Այս պահին ընթանում է բողոքարկման փուլը: Եվ մի քանի օրից վերջնական տվյալները կհրապարակվեն»:

Մելիքյանը նշեց, որ այս տարվա նորությունը պայմանավորված էր շտեմարանների մուտքով: Եթե անցյալ տարի շտեմարաններ ներդրվեցին միայն հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից, ապա այս տարի բացի հայոց պատմությունից և լեզուներից (պարսկերեն, իսպաներեն, իտալերեն), մնացյալ բոլոր առարկաների գծով ներդրվել են շտեմարաններ: «Քննական տեքստերում կային նաև կառուցվածքային փոքրիկ փոփոխություններ: Շտեմարանները, անշուշտ, օգտակար էին: Շտեմարաններն էին, որ մեզ հնարավորություն տվեցին հնարավորինս նորմալ թեստեր կազմել, սակայն ինչպես յուրաքանչյուր գործընթաց` շտեմարանների մուտքը բերում է որոշակի ռիսկեր: Շտեմարանի առկայության դեպքում մենք շատ ունեցանք ծածկագրերից օգտվելու, բջջային հեռախոսներում հավաքելու և կիրառելու փորձեր: Այսինքն շտեմարանի առկայությունը դիմորդին մղում է, այլ ճանապարհներով ստանալ իր միավորները»,-ասաց Մելիքյանը:

Վերջինս ընդգծեց, որ ԿԳ նախարարության հետ կքննարկեն շտեմարանների հարցը, քանի որ շտեմարանները վերջնական դեռ մաքրված չեն և հույս հայտնեց, որ հաջորդ տարի կունենանք անթերի շտեմարաններ, որոնցում որևէ խնդիր չի լինի:

Ըստ Մելիքյանի` այս տարի քննությունները շատ հանգիստ են անցել, որի մասին վկայում է հենց բողոքարկումների քանակը: «Կա մոտ չորս հարյուր բողոքարկում, որը նախորդ տարիներից երեք անգամ քիչ է: Բողոքարկումները հիմնականում եղել են կտրվողների կամ մեկ միավոր պակաս հավաքած դիմորդների կողմից»,-ասաց նա:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն էլ հավելեց, որ ընդհանուր հանրագումարով բոլոր առարկաների միջինը կազմել է տասից մինչև տասնհինգ միավոր, իսկ շեմը չհաղթահարողները կազմել են ընդհանուր դիմորդների 19%-ը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930