Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության օպերլիազորները ցուցմունքներ տվեցին, հերքեցին խոշտանգումները, արվամոլով վախեցնելը (Ֆոտոշարք)

Հունիս 26,2013 14:37
PrevPhoto
NextPhoto

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերլիազորներ Խաչատուր Բարխուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Այս գործով տուժող է ճանաչվել  նախկինում գողությունների համար դատապարտված Ռոբերտ Հովսեփյանը: Ըստ մեղադրանքը պաշտպանող Ջոն Ֆարխոյանի, նրանք ոստիկանության բաժնում խոշտանգումների են ենթարկել տուժողին:

Օպերլիազոր Խաչատուր Բարխուդարյանն ասաց, որ անցյալ տարի  ստացել է օպերատիվ տեղեկություններ, որ Կենտրոնի բնակարաններում գողություններ են լինում: Կազմվել է օպերատիվ գործ, գաղտնալսումներ իրականացվել, արտաքին դիտարկումներ, որից էլ պարզ է դառնում կասկածյալի՝ Ռոբերտ Հովսեփյանի գտնվելու վայրը:

Հոկտեմբերի 4-ին Ռոստովյան փողոցում նրանք հայտնաբերում են Ռոբերտին, նրա 4 ընկերներին, որոնց ներկայանում են, ասելով ՝ քրեականից են: Ռոբերտը փորձել է փախչել: Ձեռքերը ոլորելով բերել են բաժին, իսկ երբ նա պատմել է իր կատարած թվով 7 բնակարանային գողությունների մասին, քննիչն է դրանից հետո լսել:

Նախկինում օպերլիազորը չի ճանաչել կասկածյալին: Նա ասաց, որ չէր կարող բռնությունների ենթարկել Ռոբերտին, քանի որ հետո տարել են ձերբակալվածների պահման վայր, որտեղ չի արձանագրվել այս մասին:

Օպերլիազորը նկարագրելով ՁՊՎ տանելը, հիշեց, որ այնտեղ են այցելել ՄԻՊ աշխատակիցներ, որոնց Ռոբերտն ասել էր, թե իրեն խոշտանգել են:

Նա միջնորդել է, որպեսզի դատարան հրավիրվեն ՄԻՊ աշխատակիցները:

Ինչ վերաբերում է  ճնշելու համար արվամոլ բերելուն, օպերաշխատակիցը հերքեց այդ, նաեւ հավելեց, որ օն-լայն դիտվում են իրենց աշխատանքները՝ անձամբ ոստիկանապետի հսկողությամբ, եւ հորդորեց բացել տեսանյութը, նայել այդ:

Նա ասաց, որ «շառի» մեջ են ընկել եւ վեց ամիս գտնվում են անազատության մեջ: Նախկինում եղել է ձյուդոիստ, մեր դրոշն անգամ բարձրացել է թշնամի երկրում, ֆեդերացիայի փոխնախագահն է:

Արտակ Բարսեղյանն էլ գրեթե նույն ցուցմունքը տվեց, քանի որ Խաչատուրի հետ են իրականացրել օպերատիվ միջոցառումները:

Նա նկարագրեց, թե ինչպես են բերել բաժին, թե ինչպես էր կասկածյալը շարունակ հետ տալիս, տարել է լվացարան:

Իսկ տուժողը դիմելով օպերլիազորին՝ ասաց.«Եթե ծեծված եք բռնել, իմ մարմնի լյուբոյ կապուտ տեղ պիտի նշեիք, գրեիք»:

Ոստիկանության աշխատակիցն ասաց, թե երբ տարել են ՁՊՎ, իրենց է մոտեցել կասկածյալի պաշտպանը՝ Սարգիս Խաչատրյանը, եւ ասել՝ ջրեք, էլի, էս գործը:

Մինչդեռ դատարանում Սարգիս Խաչատրյանն ասաց, թե նման բան չի եղել:

Արտակ Բարսեղյանը նաեւ հայտնեց, թե նախկինում ինքը տուժողին չի ճանաչել եւ թշնամի չի եղել նրան:

«Թշնամի չեմ, ասում ես, երբ ես կանդալները ձեռիս ընկած էի բաժնում, ջուրը լցնում էիր վրաս, հիմա էլ ասում եք՝ չեք ծեծել: Դուք եք արել բաժնում»,-ասաց ներկայումս կալանավորված տուժողը՝ Ռոբերտ Հովսեփյանը:

Դատարանը անցել է խորհրդակցական սենյակ, ամբաստանյալների միջնորդությունների հետ կապված որոշում ընդունելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930