Հուլիսի 6-ից 17-ը Կազանում անցկացվելու է 27-րդ համաշխարհային ունիվերսիադան, որին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մասնակցում է 1991 թվականից:
«Առավոտը» զրուցեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» ՄՄ նախագահ Ռազմիկ Ստեփանյանի հետ, որը Կազանում մեր պատվիրակության ղեկավարն է:
– Պարոն Ստեփանյան: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի շուրջ հետաքրքրությունը մեծ է, սակայն օլիմպիական խաղերի, աշխարհի ու մայրցամաքային առաջնությունների ֆոնի վրա Ունիվերսիադան, կարծես, այնքան էլ չի երեւում:
– Դա թյուր պատկերացում է: Ուսանողական խաղերն իրենց մակարդակով հավասար հարթության վրա են օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների հետ, որովհետեւ վերջին երկուսում ազգային հավաքականների անդամների 1-ին համարները` չեմպիոններն ու մեդալակիրները, եւ ընդհանրապես ճնշող մեծամասնությունն իրականում ուսանողներ են:
Կարդացեք նաև
– Հայաստանի ուսանող մարզիկներից Կազանում լուրջ ակնկալիքներ կա՞ն:
– Իհարկե՝ սպասելիքներ ունենք: Հատկապես, մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներից` ըմբիշներից, շախմատիստներից, ծանրորդներից, բռնցքամարտիկներից, հնարավոր է՝ նաեւ սամբիստներից: Կազանում մեր մարզիկներին կոգեւորի հայկական համայնքը, որը Ռուսաստանում, ինչպես գիտեք, ստվար է: Այնտեղ հայկական սփյուռքն արդեն սպասում է մեր պատվիրակությանը:
– Մենք քանի՞ մարզաձեւի ենք մասնակցում:
– Ի տարբերություն նմանատիպ մյուս համալիր մրցումների, Համաշխարհային ուսանողական մարզական խաղերում միջազգային ֆեդերացիան կազմակերպիչ երկրներին՝ որպես տանտիրոջ, հնարավորություն է ընձեռում ծրագրում լրացուցիչ մարզաձեւեր ընդգրկելու առաջարկներ անել: Ռուսաստանը նպատակահարմար է գտել ըմբշամարտը, բռնցքամարտը, շախմատը, ծանրամարտը, սամբոն: Այսինքն, այն մարզաձեւերը, որոնք իրենց մոտ լավ են զարգացած: Հնարավոր է, որ ծրագրում լինի նաեւ գոտիներով ըմբշամարտ մարզաձեւը, որը կոջռեշի եւ կյուլեշի յուրօրինակ համադրում է: Այս մրցաձեւը հայ մարզասերներին այնքան էլ ծանոթ չէ, սակայն մենք ունենք համապատասխան ֆեդերացիա եւ հայ մարզիկներն արդեն հասցրել են բավականին հաջող մասնակցել միջազգային մրցաշարերի: Իսկ ինչ վերաբերում է մեր մասնակցությամբ մարզաձեւերին, դրանք 10-ն են` ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտեր, շախմատ, բռնցքամարտ, ծանրամարտ, սամբո, լող, աթլետիկա, ձյուդո, գոտիներով ըմբշամարտ:
– Թիմերի կազմերն արդեն վերջնականապես հայտնի՞ են:
– Հիմնականում` այո: Սակայն կարող են որոշակի փոփոխություններ լինել:
– Եվ մեր առաջատար մարզիկներից ովքե՞ր են հանդես գալու:
– Այս պահի դրությամբ անվանիներից հաստատված են ըմբիշներ, Լոնդոնի օլիմպիական խաղերի մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի, շախմատիստներ, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի, Զավեն Անդրիասյանի անունները: Վերջնական կազմերը կլինեն մի քանի օրից:
– Ընդհանուր առմամբ Հայաստանից քանի՞ ուսանող մարզիկ է հանդես գալու Կազանում:
– 38, եւ սա մասնակցության ռեկորդային թվաքանակ է: Մենք երբեք այսքան շատ ուսանող մարզիկներ չենք կարողացել գործուղել մրցավայր:
– Ֆինանսական բոլոր հարցերը լուծվա՞ծ են:
– Երբ երկու տարի առաջ մեր մասնակցության նախնական հայտը պետք է ներկայացնեինք միջազգային ֆեդերացիային եւ կազմակերպիչ երկրին, իսկ մենք մտադրություն ունեինք հնարավորին չափ շատ մարզիկներ ներգրավել, պետբյուջեից ֆինանսավորում ստանալու համար դիմեցինք կառավարություն, եւ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շատ ջանք գործադրեց, որպեսզի համապատասխան ֆինանսավորում լինի: Սակայն մեր երկրի սոցիալ-տնտեսական պայմանները մեծ ներդրումներ անել թույլ չեն տալիս, եւ ֆինանսավորումը կազմեց 23 միլիոն դրամ:
– Եվ դա բավարարե՞ց:
– Իհարկե` ոչ: Եվ մենք դժվարությունների առջեւ հայտնվեցինք: Երկու տարի առաջ կազմած նախահաշիվները հիմա արդեն չեն բավականացնում: Այս ընթացքում ամեն ինչ մի քանի անգամ թանկացել է, եւ եղած միջոցներով հարկադրված պիտի լինեինք սահմանափակել մասնակից մարզիկների թիվը: Իրավիճակից դուրս գալու նպատակով դիմեցինք մի քանի մարզաձեւերի ֆեդերացիաների, որպեսզի նրանք քննարկեն եւ հնարավորության դեպքում պետական ֆինանսավորմամբ Խաղեր մեկնողներից սահմանափակ թվով իրենց մարզիկների եւ մարզիչների թիվը համալրեն՝ նրանց ծախսերը հոգալով: Բավականին դրական արձագանքներ եղան հատկապես ըմբշամարտի եւ բռնցքամարտի ֆեդերացիաներից եւ շնորհիվ նրանց պատրաստակամության, այդ մարզաձեւերի թիմերում ընդգրկվեցին լրացուցիչ մարզիկներ եւ մարզիչներ:
– Իսկ ուսանող մարզիկների նախապատրաստությունն ինչպե՞ս է ընթանում:
– Մարզիկներն իրենց ֆեդերացիաների ծրագրով ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, մարզվում են: Եվ քանի որ ֆեդերացիաները տեղյակ էին, որ այս ամառվա ժամանակահատվածում գլխավոր մեկնարկը Ունիվերսիադան է լինելու, հրաժարվել են որոշ մրցաշարերի մասնակցելուց եւ ամեն բան հարմարեցրել ուսանողական խաղերին: Եվ մի անգամ էլ պատասխանելով ձեր առաջին հարցին` տեղեկացնեմ, որ հենց Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի որոշմամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին հիմնականում իրենց հավաքականի երկրորդ համարները, իսկ առաջատարների համար ավելի կարեւորվեց Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը: Այնպես որ, Կազանում մեր լիդերների մրցակիցներն ամենայն հավանականությամբ կրկին լինելու են օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների հիմնական հակառակորդները:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ