ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը դիմել է վարչական դատարան` վերականգնելու իր խախտված իրավունքները:
Այս հարցի առնչությամբ նախարար Յուրի Վարդանյանի` տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Ավետիս Բաբաջանյանը (լուսանկարում) Aravot. am-ին ասաց. «Եթե Վահե Էլոյանը համարում է, որ իր իրավունքները խախտված են եւ դատարանով ցանկանում է վերականգնել իր իրավունքները, դա նրա իրավունքն է: Երբ պարոն Էլոյանն ասում է, որ ինքն աշխատանքից ազատվելու դիմում չի գրել, դա, իրոք, ճիշտ է: Բայց տեղի է ունեցել մեկ այլ բան. նա նախարար Յուրի Վարդանյանի հետ բանավոր պայմանավորվածություն է ունեցել, ըստ որի՝ պետք է զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում գրի եւ նախարարությունում տեղափոխվի այլ աշխատանքի: Կառավարության հայտնի նիստի օրը, երբ նախարարը հայտարարել է, թե Էլոյանը դիմում է գրել, Վահե Էլոյանը Յուրի Վարդանյանին հավաստիացրել է, թե ինքը դիմում գրել է` փաստորեն իր այդ պահվածքով թյուրիմացության մեջ գցելով նախարարին: Թե ինչի՞ է նա այդպես վարվել, երեւի ինքը կասի:
Մեր կարծիքով, եթե Վահե Էլոյանը աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակ չուներ, ավելի ճիշտ կլիներ` պարզ ու հստակ ասեր, թե հրաժարվում է դիմում գրել եւ Յուրի Վարդանյանին, նա էլ` կառավարությանը, թյուրիմացության մեջ չգցեր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև