Էսօր առավոտյան նորից մասնակցեցի Ռուսաստանի թաղմանը:
Աչքս կպել էր: Ու, երբ անցնում էինք Մոսկվայի կենտրոնի փողոցներից մեկի տակով, ձկան հոտով մի կին, ով ընդամենը մեկ-երկու կնճիռով էր ինձնից տարիքով մեծ, իր` tez tour-ի պայուսակը սկսեց խցկել ոտքերիս արանքը` բնավ էլ ոչ հաճույք պատճառելու համար: «Подвинься, я сяду»,- ասաց:
Թողնելով, որ մի աչքս տեսնի, թե էն ծովագույն երազն ինչ եղավ` մյուսով ուշադիր նայեցի հենց նոր տատու արած մանուշակագույն ունքերին ու բացատրեցի, որ ես բոլոր չորս կատեգորիաների համաձայն իրավունք ունեմ նստած մնալ: Մինչև ուզում էր բերանից թռցնել ռուսական արդեն միակը մնացած ազգային-ազատագրական արտահայտությունը` «понаехали»-ն, բոլոր ծակերից գոռացին, թե. «уступите места инвалидам, пассажирам с детьми, пожилым людям и беременным женщинам»: Ու մինչև կփորձեր հասկանալ, որ կյանքի իմաստը միայն փեսային սկեսուրություն անելու մեջ չէ և որ մոր ու հոր ձայնը սկայպով լսող մարդն ինվալիդ է, բա ինչ է, արթուն աչքս միացավ երազիս այն պահին, երբ մայրս ամուր գրկել էր հորս ու «սարում, ձորում կացել եմ, գյուլբեքս լվացել եմ»-ն էր երգում: Հայրս էլ աչքով-ունքով էր անում, թե բեր ես ու դու մի բաժակ բան խմենք, մինչև մերդ լվացքը կանի: Հետո մենք պիտի անեինք` ութերորդ բաժակից հետո: Հարսիկիս փոխանցեցի հորս աչքունքի պարը ու հարմար տեղավորվեցի բազմոցին:
«Серпуховская» -ից պիտի քայլեինք մի քանի րոպե, հետո նորից նստեինք գետնի տակ ունեցած մեր տեղերում: Մեռելներից տարբերվելու էինք միայն նրանով, որ նրանցը բիզնես կարգի տեղեր են` պառկովի:
Կարդացեք նաև
Այ էստեղ ես ամեն օր մասնակցում եմ Ռուսաստանի թաղմանը: Չորս ազգի ներկայացուցիչներ ենք. հայեր, տաջիկներ, ղազախներ, ադրբեջանցիներ: Քայլում ենք զրո ամբողջ վեց հարյուրերորդական քայլ վայրկյանում արագությամբ. խցանում է: Շատ ենք: Թաղման բազմազգ թափորը դանդաղ առաջանում է դեպի երանելի շարժասանդուղք: Բայց մինչ այդ դեռ սովորական աստիճաններով պիտի բարձրանանք: Սիրածս պահն է: Հետևիցս եկող քոփակին թարս նայում եմ ուղիղ ականջիս մեջ շնչելու պատճառով ու իբր պատահական հանում դիմացինիս կոշիկը. միշտ էդպես ստուգում եմ` сантавик կա ոտքի վրա, թե չէ ու երեկվանն է, թե` թարմ:
Ներքևից որ նայում ես բանվորագյուղացիական էս թափորին, որի անդամներից շատերը հենց իսկը մեխակի ու դուդուկի պես են, կարծում ես, թե մրջյուններ են եկել` Ռուսաստանի թաղմանը մասնակցելու: Պատկերացրեք էլի մի պահ: Գլուխներն ու մեջքերը վերև-ներքև անելուց մրջյուն էլ չէ, բազմաոտ ինչ-որ կենդանիների ենք նման, որոնք ամեն առավոտ դուրս են գալիս գետնի տակից` Մոսկվայի փողոցներում մի կտոր Հայաստան, մի կտոր Ղազախստան, մի կտոր էլ Ադրբեջան ստեղծելու համար` իրենց ձեռագրով` թաղելով ռուսների շունչն ու շունչը փչած վերջին «понаехали»-ն:
Գիտեն որովհետև, որ արդեն էս չորս ազգի ներկայացուցիչները, ովքեր իրենց երկիրը թԱղել, եկել են էստեղ, էդ բառը լսելուն պես կհանեն պետության կողմից հատուկ թույլտվությամբ ստացած РВП-ն (Разрешение на временное проживание), Вид на жительство-ն կամ անձնագիրը ու էնպես կթափահարեն, որ մի վայրկյանում կմոռացնեն /Դիաննա Գրիգորյանը կասեր` մոռացնել կտան/ եվրոպաներ поуехавший որդիների անունները:
Ասում եմ` Ռուսաստանն իբր մեր հաշվին պիտի ծաղկեր, բայց մենք էլ եկել, էս երկիրն ենք թաղում:
Վաղն առավոտյան նորից մասնակցելու եմ Ռուսաստանի թաղմանը:
Արև ՄԱԼԻՆՑՅԱՆ