Այսօր «Ուրբաթ» ակումբում «Արձակ 2013» մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին նույն մրցույթի մեկնարկի, ինչպես նաեւ այս տարի մրցույթի անցկացման պայմաններում ու ժյուրիի կազմում տեղ գտած փոփոխությունների մասին:
Մրցույթի համակարգող Արքմենիկ Նիկողոսյանը, խոսելով մրցույթի անցկացման առաջնահերթ նպատակների մասին, կարեւորեց ժամանակակից գրականությունը ավելի ընթերցված լինելու ձգտումը ու մրցույթի միջոցով նոր անուններ վեր հանելու խնդիրը:
Իսկ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, մրցույթը հիանալի հնարավորություն է՝ բացահայտելու սկսնակ գրողներին ու տպագրելու նրանց ստեղծագործությունները:
Արդեն երրորդ անգամ անցկացվող գրական մրցույթի կազմակերպիչները խոսեցին նաեւ մի քանի փոփոխությունների մասին, որոնք, ըստ նրանց, կատարվել են՝ հաշվի առնելով մասնագետների առողջ քննադատությունը նախորդ երկու մրցույթների անցկացման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Այս տարի մրցույթին ներկայացված պատմվածքները կայքում կհայտնվեն միայն վերնագրով ու առանց հեղինակների անունների: Այս հանգամանքը, ըստ մրցույթի ժյուրիի անդամ, գրաքննադատ Հասմիկ Հակոբյանի, թույլ կտա անցկացնել ոչ թե հեղինակի մրցույթ, այլ հենց պատմվածքի մրցույթ:
Մրցատյանի մեջ ներգրավված են թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը, գրականագետ Գոհար Աքելյանը, ինչպես նաեւ մանկագիր թարգմանիչ Նունե Թորոսյանը:
Այս տարի նաեւ մրցանակ է սահմանվել այն հեղինակի համար, ով կներկայացնի Լավագույն մանկական պատմվածք:
Մրցույթն ունի տարիքային ներքին շեմ (18 տարեկան), եւ մասնակցության հայտերը ընդունվելու են 2013 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ներառյալ: Իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն տարվա վերջին:
Աշոտ ԱԹԱՅԱՆ