Շվեյցարացի ռեժիսոր Մարսել Գիսլերի «Ռոզի» ֆիլմը ոչ միանշանակ արձագանք է ստացել Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմը ներկայացված է հիմնական մրցութային ծրագրում:
Թերեւս աշխույժ խոսակցությունների պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ֆիլմի գլխավոր հերոսը 40-ամյա Լորենց Մերանն է, ով ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:
Ֆիլմի հերոսը ստիպված է թողնել Բեռլինն ու մեկնել արեւելյան Շվեյցարիայում գտնվող իր ծննդավայրն, որտեղ պետք է հոգ տանի հիվանդ մոր՝ Ռոզիի մասին: Հասնելով հայրական տուն՝ 40-ամյա գրողը հասկանում է, որ մայրը սիրում է ակտիվ կյանք վարել եւ չի հետեւում բժիշկների խորհուրդներին: Ռոզին, հակառակ բժիշկների հորդորների, շարունակում է ծխել ու խմել:
Ժամանակի ընթացքում Լորենցը գիտակցում է, որ միջին տարիքի ճգնաժամի մեջ է եւ ընտանիքի անդամների ճնշումների ներքո բացում է երկար տարիներ պահած գաղտնիքը:
Կարդացեք նաև
Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմին նվիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ֆիլմի ռեժիսորը՝ Մարսել Գիսլերը, պարզաբանել է. «Իմ ֆիլմը մարդկանց մի քանի սերունդների մասին է, որոնք տարբեր վերաբերմունք ունեն հոմոսեքսուալիզմի նկատմամբ: Ավագ սերունդն ավելի զգուշավոր է, իսկ երիտասարդները հայտարարում են իրնեց իրավունքների մասին եւ պատրաստ են պայքարել դրանց համար: Իմ ֆիլմը ծերության, այն հասարակության մասին է, որը խուսափում է միասնականությունից եւ համագործակցությունից: Իմ ֆիլմն այն մասին է, որ երեխաները պարտավոր են օգնել իրենց ծնողներին: Եթե դուք ինձ հարցնենք՝ ինչո՞ւ է իմ պատմության հերոսներից մեկը հոմոսեքսուալ, ես կպատասխանեմ՝ իսկ ինչո՞ւ ոչ»:
Հարկ է նշել, որ «Ռոզի» ֆիլմը Գիսլերի՝ 1998 թվականից հետո մինչ այժմ տեւած ընդմիջումից հետո առաջին ֆիլմն է:
Աշոտ ԱԹԱՅԱՆ