Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Գոռ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով պաշտպանական զորամասի նռնականետային դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 2012թ. դեկտեմբերի 7-ին մարտական հենակետերից զորամաս վերադառնալու ճանապարհին կորցրել է գաղտնագրված քարտեզը:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս»): Նախկինում չդատված Գ. Բաղդասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2013թ. հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Վահագն Մելիքյան) Գ. Բաղդասարյանին դատապարտել է զինվորական ծառայության մեջ սահմանափակման 6 ամիս ժամկետով՝ դրամական բավարարման գումարի 10 տոկոսի պահումով: Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել, որ Գ. Բաղդասարյանն անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, զորամասի հրամանատարի կողմից դրական է բնութագրվում, միակողմանի ծնողազուրկ է, ընտանիքի միակ կերակրողը:
Դատարանում Գ. Բաղդասարյանը ցուցմունք է տվել, որ մարտական հենակետերից իջնելու ժամանակ եղել է քամի, ձյուն, պլանշետի գոտին պոկվելով՝ քարտեզն ընկել է, ինքը դա նկատել է զորամաս վերադառնալուց հետո, քարտեզը որոնել է, սակայն չի գտել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ