«Հասարակության վերաբերմունքը խիստ բացասական է թմրամոլների նկատմամբ, եւ չնայած մեզ մոտ, այլ՝ եվրոպական երկրների եւ Ռուսաստանի, հետ համեմատած թմրամոլները քիչ են, այնուամենայնիվ, կա այդ վատ վերաբերմունքը, եթե մեկին ուզում են օրինակ բերել, ասում են՝ հո թմրամոլ չե՞ս»,-այսօր «Տեսակետ» ակումբում, Թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Ըստ նրա, եթե մարդը բուժվում է եւ վերադառնում նորմալ կյանքի հասարակությունը որոշ ժամանակ անց կարծիքը փոխում է նրա նկատմամբ եւ դադարում խարանել:
Հոգեբանի պրակտիկայում հազվադեպ են հանդիպում թմրամոլություն ունեցող պացիենտներ, քանի որ մեզ մոտ, ըստ նրա, չկա այդ մշակույթը նման հիվանդության դեպքում դիմել հոգեբանի ծառայությանը: Թմրանյութերից կախված մարդիկ, եթե որոշում են բուժվել, ապա նախընտրում են դեղորայքային բուժումը:
Ըստ Սամվել Խուդոյանի, թմրամոլները մեծ դժվարությամբ են գնում բուժվելու, քանի որ. «Շատերի համար թմրամոլությունը կյանքի միակ իմաստն է: Կարծես նա դրա համար է ապրում»:
Կարդացեք նաև
Հոգեբանը գտնում է, որ թմրանյութ օգտագործողներին դեղորայքային բուժումից բացի նաեւ հոգեբանական բուժում է անհրաժեշտ: Իսկ Հայաստանում, որպես կանոն, դեղորայքային մեթոդներով են բուժում:
Հարցին, թե արդյոք ժողովրդի լեզվով ասած՝ «պլանը»՝ հաշիշը վտանգավոր չէ՞, մարդու առողջության համար եւ կախվածություն չի՞ առաջացնում, հակառակ այն կարծիքի, որ հաշիշից վտանգները քիչ են, հոգեբանն ասաց, որ այն իսկապես վտանգավոր է եւ հաշիշից սկսելով դառնում են իսկական թմրամոլ: Պարոն Խուդոյանը նաեւ ասաց, որ տղաներն այն սկսում են օգտագործել դեռահասության շրջանում՝ շրջապատում ինքնահաստատվելու համար:
Aravot.am-ի հարցին, թե թմրամոլություն ունեցող հիվանդները, երբ դիմում են հոգեբանին, ի՞նչն են նշում որպես պատճառ թմրամոլ դառնալու, պարոն Խուդոյանը կրկին ասաց, որ հիմնականում պատճառները բակի տղաների հետ մտերմանալն է ու թաղում հեղինակություն վաստակելը, ինքնահաստատվելը. «Շրջապատում դեռահասը ուզում է տղամարդ երեւալ, եւ հաճախ ուզում է հանցագործ աշխարհին նմանվել ու սկսում է օգտագործել, սակայն դրա մեջ խորանալուն շատ հաճախ նպաստում է ընտանեկան, սոցիալական վիճակը եւ մեկին հաջողվում է դուրս գալ այդ ամենի միջից, մյուսին՝ ոչ,եւ այդպես նա դառնում է թմրամոլ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ