Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ Ասոցացման համաձայնագրից հետդարձ ճանապարհ չկա

Հունիս 26,2013 12:51

Մինչ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում գտնվող Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը լրագրողներին հավաստիացնում էր, թե «ռուսաստանյան զինծառայողների ներկայությունն այն բանի երաշխիքն է, որ Հայաստանում բացասական զարգացումներ չեն լինի», երեկ պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող Սերժ Սարգսյանը հանդես եկավ որոշ ուշագրավ հայտարարություններով:

Արեւելյան գործընկերության ծրագրի համահեղինակ, նրա առանցքային դերակատար հանդիսացող երկիր՝ Լեհաստան կատարած Ս․Սարգսյանի այցը վստահաբար կարեւոր է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կամա, թե ակամա Հայաստանն արդեն տեւական ժամանակ է, ինչ ներքաշվել է Մաքսային միության եւ Եվրամիության միջեւ երկընտրանքի բանավեճի մեջ:

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ մամլո ասուլիսում երեկ Սերժ Սարգսյանը նկատել է, որ ցավոք, մեր տարածաշրջանում դեռեւս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արեւելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը եւ մատնանշել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը: «Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միեւնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք եւ հստակ գնահատական», հավելել է նա:

Ապա պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում ինտեգրացիոն գործընթացներին՝ Ս․Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը որեւէ մեկի համար գաղտնիք չէ, եւ որ ՌԴ-ի հետ ունենք ընդլայնված ռազմատեխնիկական եւ խորը տնտեսական հարաբերություններ․ «Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ եւ չունենք որեւէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք եւ մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»:

Այնուհետեւ Վարշավայում կայացած հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը Ս․ Սարգսյանն անդրադառնալով Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսության զարգացման միտումներին ու ներդրումային հնարավորություններին, նշել է, որ՝ դեռեւս ճանապարհ ունենք անցնելու եւ անցնում ենք այդ ճանապարհը մասնավորապես մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ․ «Այս համատեքստում տեղին է անդրադառնալ ԵՄ-ի հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրին եւ դրա մաս կազմող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին: Այն որակապես նոր եւ առավել ընդգրկուն հիմքերի վրա կդնի ԵՄ անդամ պետությունների, այդ թվում նաեւ Լեհաստանի հետ մեր երկրի համագործակցությունը»:

Այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների գագաթնաժողովից առաջ Հայաստանն ի վերջո կստորագրի՞ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը եւ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը, վերջին շաբաթներին մի շարք փորձագետների կողմից նույնիսկ կասկածներ հարուցեց եւ այժմ էլ դեռ կան թերահավատներ այս հարցում:

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցվո՞ւմ են, թե՞ ոչ, կամ եթե բանեցվում են՝ դրանք որքան ուժգին են եւ կարո՞ղ են խափանել ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այս հարցերն այս պահին էլ, թերեւս, օրակարգային են: Սակայն կանխատեսելն անշնորհակալ գործ համարելով, այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ Հայաստանը առաջիկա ամիսներին կնախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

Հայտնի է, որ Եվրամիության ու Հայաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են, մնացել են բացառապես տեխնիկական բնույթի հարցեր: Այսինքն, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորությունը այս գործընթացում արդեն իսկ մտել է մի փուլ, որից հետդարձ ճանապարհը տեսականորեն թեեւ չի կարելի բացառել, բայց քաղաքական էլիտայի կողմից իրատես քաղաքականություն վարելու կարողությունը հենց այդ քայլով էլ գնահատվելու է:

Ինչ վերաբերվում ՌԴ իշխանություններին, ապա տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու առումով, այո՛, Հայաստանը իր դերը խաղացել է եւ դեռ կշարունակի այդ նշանակությունը ունենալ Մոսկվայի համար: Կրեմլի կողմից Ուկրաինայի ուղղությամբ «ջանքերը», համենայնդեպս, ավելի ակնառու են Մաքսային միություն ընդգրկելու շուրջ:

Այսինքն, Հայաստանը՝ ԵՄ-ի հետ ներկա հարաբերությունների մակարդակով հանդերձ այսօրվա Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար ավելի կանխատեսելի է, քան օրինակ՝ Ուկրաինան: Հայաստանի իշխանությունները տնտեսական որեւէ հարցում ռուսական կողմին չզիջող, կամ ավելին՝ «ատամ ցույց տվող» կողմ չեն, եւ թերեւս, ոչինչ էլ չի խանգարի հարաբերությունների այդպիսի մակարդակը պահպանել ռուսական կողմի հետ նաեւ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել