Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Ռուսաստանը մեր գլխին անընդհատ դագանակով խփում է»

Հունիս 26,2013 12:35

«Մեր գլխին Եվրոպայից էլ պակաս չեն տալիս, գնում-գալիս են, ասում են՝ սեռական խտրականություն կա, աղանդների հանդեպ խտրականություն կա»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը այսօր «Հայելի» ակումբում իր հետ բանավեճի հրավիրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի այն մտքին, որ Եվրասիական միությանը անդամակցելու դեպքում Հայաստանը այդ միությունում ձայն չի ունենալու, քանի որ ձայներն արդեն իսկ բաշխված են Եվրասիական միության անդամների՝ Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ, եւ մենք՝ անդամակցելու դեպքում լինելու ենք ստորադասի կարգավիճակում ու մեր գլխին անընդհատ տալու են:

Բանավեճի թեման Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեծիրն էր, որը սահուն վերածվեց ԵՄ հետ ազատ առեւտրի Ասոցացման համաձայնագիր, թե՞ Եվրասիական միություն քննարկման:

Ըստ Անուշ Սեդրակյանի՝ Ռուսաստանը անընդհատ Հայաստանի հետ վարվում է «մահակի եւ թխվածքաբլիթի» մեթոդով, բայց օգտագործելով միայն մահակը՝ «անընդհատ խփում է մեր գլխին գազային դագանակով, վառելիքային դագանակով, զենքի դագանակով», եւ Հայաստանը պետք է իր ինքնիշխան, սուվերեն լինելն ապացուցի՝ այդ դագանակից հրաժարվելով: Նա արտառոց էր համարում, որ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը ստորագրած երկրներից մեկը՝ Ռուսաստանը, զենք է վաճառում այդ պայմանագրով իր գործընկերոջ՝ Հայաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրին՝ Ադրբեջանին:

Ի տարբերություն տիկին Սեդրակյանի՝ Արտակ Դավթյանը դրանում ոչ մի տարօրինակ բան չէր տեսնում՝ «Ադրբեջանը տասնյակ միլիոնավոր դոլարներ ունի այդ նպատակի համար, եւ էական չէ, թե ումից զենք կգնի՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, թե Իսրայելից»: Ավելին, պարոն Դավթյանը, դեռ մի բան էլ համարում էր, որ լավ է, որ ՌԴ-ից է գնում, քանի որ, եթե Ռուսաստանը զենք է մատակարարում, ապա պետք է նաեւ զենքի ինստրուկտորների, պահեստամասերի հետ կապված խորհրդատվություններ մատուցի, հետեւաբար, Ադրբեջանը որոշակի կախվածության մեջ է լինելու Ռուսաստանից: Այսինքն, դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինենք, որ հենց Ռուսաստանից է գնում, ոչ թե մյուս երկրներից:

Տիկին Սեդրակյանը նշեց, որ զենքի վաճառքը ոչ թե առեւտրային, այլ քաղաքական գործարք է՝ «դա գազի, նավթի կամ ոչխարի վաճառք չէ», իսկ Արտակ Դավթյանն էլ, թե՝ «զենքն էլ ապրանք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930