Հատված Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-Գյումրիում տեխնոպարկ կառուցելու գաղափարն ու ծրագիրը ներկայացվեց 3 տարի առաջ իբրեւ քաղաքի տնտեսությունը փրկելու, աշխատատեղեր ստեղծելու լավագույն հնարավորություն: Մինչդեռ ՎՊ բացահայտումներից պարզվեց, որ 2008-ից առ այսօր ծրագրի շրջանակներում ստեղծվել են ընդամենը 2 լաբորատորիա, 5 ընկերություն, որոնք էլ աշխատում են վնասով: Սա չի՞ փաստում ծրագրի ձախողված լինելու մասին:
-2008-ին կառավարությունը որոշում կայացրեց ստեղծել Գյումրու տեխնոպարկը, որի ծախսը կազմելու էր մոտավորապես 50 միլիոն դոլար: Ներդրումային ծրագիրը պետք է իրականացվեր 5 տարում, սակայն 2008-ին կանգնեցինք ճգնաժամի առաջ, ու կառավարությունը չունեցավ խոշոր ներդրում կատարելու հնարավորություն:
Ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետք է կա՛մ ընդհանրապես հրաժարվեինք ծրագրից, կա՛մ իրականացնեինք այն քայլ առ քայլ: Որոշվեց գնալ երկրորդ ճանապարհով: 2010-ին սկսեցինք Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը, որի ընդհանուր արժեքը մոտավորապես 4 միլիարդ դրամ է կազմում: Ծրագրի իրագործումը բաժանվեց 2 մասի, նախ ստեղծել ֆիզիկական ենթակառուցվածքները, եւ այսօր այդ նպատակով վերականգնում ենք Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին շենքը:
Բայց տեխնոլոգիական կենտրոնը միայն շենքը չէ, այն պետք է բովանդակություն ունենա: Զուգահեռաբար սկսեցինք աշխատել նաեւ այս ուղղությամբ: Պետք էր նախ հասկանալ, թե ինչպիսի՞ տեխնոլոգիական լոբորատորիաներ կարող են բնորոշ լինել Գյումրու համար: Ձեւավորեցինք հանձնաժողով, հայտարարվեց մրցույթ, ընտրվեցին այն գիտնականները, որոնց ներկայացրած գաղափարները կարող են իրացվել շուկայում: Եվ ընտրվեցին այդ 5 ընկերությունները, ինչի մասին նշում է ՎՊ-ն:
Իսկ ինչո՞ւ 5-ը: Պատճառը հետեւյալն է. մի պահի հասկացանք, որ ինչ-որ բան լավ չի ստացվում, որովհետեւ մարդիկ պարզապես ներկայանում են «սնդուկներից» հանած գաղափարներով, իսկ հնացած առաջարկները պետությունը չի կարող ֆինանսավորել: Որոշեցինք զգուշավոր լինել, մտածեցինք` ավելի լավ է առայժմ բավարարվել 5 կազմակերպություններով եւ օգնել նրանց ոտքի կանգնել:
-Խորհրդարանական քննարկումների ժամանակ Իշխան Զաքարյանը հայտարարեց. եթե նման տեմպերով գնանք, ապա միայն 200 տարի հետո տեխնոպարկ կունենանք:
-Ո՛չ, ճիշտ չէ, 2014-ին տեխնոպարկը կսկսի ֆիզիկապես գործել՝ իր ենթակառուցվածքներով, բիզնեսի համար հատկացված տարածքներով:
Այս պահին ամերիկյան ու Թայլանդի ընկերություններն արդեն իսկ ներդրումներ են անում Գյումրիում, իսկ նրանք դա հենց այնպես չէին անի: Այսինքն՝ տեխնոպարկի շուրջ արդեն ձեւավորվում է անհրաժեշտ միջավայր, կազմակերպություններ են ստեղծվում, որոնք բարձր վարձատրվող աշխատատեղեր են ստեղծելու: Ինչպե՞ս կարելի է այս ամենը չտեսնել ու նայել սահմանափակ հայացքով: Շատ հեշտ է արված գործը անարդյունավետ բնութագրելը, ես էլ իրենց հարցնեմ` իսկ ո՞րն է արդյունավետը:
-Այն, որ, ըստ ՎՊ-ի, նախանշված լինի ծրագրի ավարտը, ինչը չկա: Լինի քայլերի հստակ հաջորդականություն…
-Մենք ե՛ւ ծրագիր ունենք, ե՛ւ հստակ գիտենք մեր քայլերը: 10 տարվա ընթացքում կվերապատրաստենք 10 000 հոգու, այսինքն՝ կունենանք այդքան մասնագետ եւ կստեղծենք 8000 աշխատատեղ: Սա վա՞տ է: Տեխնոպարկ ստեղծելը հեշտ գործ չէ, բայց մենք որոշել ենք ու պետք է ստեղծենք:
Գյումրիում չկա մի տեղ, ուր գյումրեցին իր տաղանդը դրսեւորի, իր երազանքներն իրականացնելու հնարավորություն ունենա: Իսկ այսօր գնացեք, տեսնեք թե ի՜նչ երիտասարդներ են այնտեղ հավաքվում: Չէ՞ որ նրանք ինքնուրույնաբար չեն կարող իրականացնել իրենց նպատակները, այդ դասընթացները շատ թանկ հաճույք են, Երեւան գալու համար էլ հսկայական գումարներ են պետք, եւ պետությունը որոշեց գնալ Գյումրի ու հենց տեղում աջակցել գյումրեցուն:
-Նման ծրագրերում շատ կարեւոր է պատասխանատվություն կրող կողմի ներկայացվածությունը, մինչդեռ ՎՊ-ն արձանագրում է. «Ծրագիրն իրականացնողների պատասխանատվության շրջանակը հստակ չէ»:
-Նախարարության համար հստակ է: Մենք քաղաքականություն մշակողն ենք, իսկ իրականացնողը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է, որի վրա էլ դրված է պատասխանատվությունը: Իհարկե, ծրագրի իրագործման ճանապարհին ունեցանք խնդիրներ, ինչի մասին նշված է զեկույցում: Խոսքս 5 ընկերությունների ոչ արդյունավետ աշխատանքի մասին է, եւ դա մենք ընդունում ենք: Բայց թե դրանից հետո ՎՊ-ն ի՞նչ է ակնարկում, ի՞նչ է եզրահանգում, հասկանալի չէ:
-Եզրակացնում է` հնարավոր ռիսկերի առումով ծրագիրը գնահատված չէ, եւ որ «ամեն ինչ առավել քան անորոշ է»:
-Ինովացիոն ցանկացած ծրագիր ունի բարձր ռիսկայնություն, եթե իրենց համար անորոշ է, մեզ համար շատ որոշակի է:
-Փաստորեն չեք ընդունում ՎՊ-ի բացահայտումները:
-Ոչ թե չեմ ընդունում, այլ կարծում եմ, որ գուցե ունեցել են տեղեկատվության պակաս, կամ ճիշտ անձանց, պատասխանատուների հետ չեն խոսել, ինչն էլ պատճառ է դարձել ոչ խորքային ուսումնասիրության: Առիթից օգտվելով՝ ուզում եմ հարց ուղղել ՎՊ-ին, ինչո՞ւ չեկան ու ինձ չհարցրին` ինչ ծրագիր է սա, ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը, չէ՞ որ ես եմ ոլորտի պատասխանատուն: Ո՞վ եկավ մեզ հարցրեց տեխնոպարկի մասին, որ մենք էլ նրան պարզաբանումներ չտվեցինք:
Ի դեպ, միայն Գյումրու տեխնոպարկը չէ, մենք ունենք շատ ավելի ռիսկային ծրագրեր: Եթե մեր երկիրը հայտ է ներկայացրել ՏՏ ոլորտում ունենալ մեծ հաջողություններ, ուրեմն նաեւ պետք է դիմենք ռիսկին: Եվ մենք դրան պատրաստ ենք:
Միջոցներն էլ հենց այնպես չեն ծախսվել, դա կորած փող չէ պետության համար, երբ ծրագիրը իրականանա, այն մի քանի անգամ շատ եկամուտ կբերի պետությանը: Նաեւ ասեմ, որ շնորհիվ տեխնոպարկի ստեղծման, կպահպանվի մանկավարժական ինստիտուտի շենքը, որը պատմական, ճարտարապետական արժեք է, հակառակ դեպքում փլուզվելու էր: Հիմա վատ ենք անո՞ւմ, որ նման ծրագիր ենք իրականացնում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում