Երեկ Սարալանջի եւ Չարենցի փողոցների հատման մասում ծեծի է ենթարկվել «Շարլոթ» գիշերային ակումբի պարող 33-ամյա Արմեն Մխիթարյանը։ Ըստ ծեծված երիտասարդի մոր՝ իր որդին տուժել է բարության համար:
Ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն՝ ժամը 02:00-ին Արմենը վերոնշյալ տարածքում հայտնաբերվել է գետնին ընկած։ Պարզվում է՝ անհայտ անձինք վիճաբանել են Արմենի հետ եւ ծեծի ենթարկել նրան։ Հարձակվողներից ազատվելու նպատակով Արմենն իրեն պատկանող «Վալտեր» տեսակի գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել։ Միջադեպի արդյունքում Արաբկիր վարչական շրջանում բնակվող, մեկ երեխայի հայր Արմենը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ինչո՞ւ է դաժան ծեծի ենթարկվել «Շարլոթ» գիշերային ակումբի պարողը։ Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «Էրեբունի» ԲԿ։ Տեղեկացանք, որ Արմենը գտնվում է նյարդաբանական եւ նեյրովիրաբուժական բաժանմունքում։ Նկատեցինք, որ նրա հիվանդասենյակի մոտ հավաքված էին հարազատները՝ մայրը՝ Լաուրա Մարտիրոսյանը, կինը՝ Լիլիթը, եղբայրը՝ Ժորան, եւ այլք։
Լաուրա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց դեպքից որոշ մանրամասներ. «Տղաս արդեն 3 տարի է՝ աշխատում է «Շարլոթ» գիշերային ակումբում։ Գիշերը ուշ ժամի իր մեքենայով իր աշակերտուհուն՝ Թամարային, որոշել է տանել տուն, սակայն ճանապարհին նկատել է մի մեքենա՝ լույսերը վառված ու անսարք վիճակում կանգնած»։
Կարդացեք նաև
Ըստ մոր՝ տղան շատ խղճով է գտնվել ու կանգնեցնելով իր մեքենան՝ փորձել է օգնություն առաջարկել անսարք վիճակում գտնվող մեքենայի վարորդին. «Տղաս հարցրել է, թե ինչ խնդիր կա՝ մեքենայի հետ կապված։ Անսարք մեքենայի վարորդն էլ ասել է, թե մեքենայի բենզինն է վերջացել։ Ու քանի որ Արմենի մեքենան գազով է, բայց նա ցանկացել է օգնել կանգնած մեքենայի վարորդին, գնացել է բենզալցակայան, բենզին է գնել։ Երբ վերադարձել է, տեսել է, որ անսարք վիճակում գտնվող մեքենայի մեջ մարդ չկա։ Հենց այդ պահին տղայիս վրա են հարձակվել մի 6-7 հոգի ու սկսել փայտերով, դուբինկաներով ծեծել։ Թե ինչու, մենք էլ չգիտենք»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում