Հատված Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հարցազրույցից:
– Պարոն Բարսեղյան, ՀՔԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որ քրգործ է հարուցվել նաեւ Արարատի մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների համար, ավելի կոնկրետ կասե՞ք՝ ինչ պաշտոնյաների մասին է խոսքը։
– Գյուղվարչության պետի, որը հսկողություն է իրականացնում դիզվառելիքի բաշխման հետ կապված։ Թույլ հսկողության հետ կապված որոշակի չարաշահումներ են եղել։
– Խոսքը Ջոնիկ Աբրահամյանին տրամադրված դիզվառելիքի մասին է, չէ՞։
– Չէ, նրան որպես հողագործ, տրվել է օրենքի սահմաններում։
– Խոսակցություններ կան, որ այդ բացահայտումները քաղաքական ենթատեքստ ունեն եւ ուղիղ կապ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, դուք կապո՞ւմ եք դրանք իրար հետ, թե՞ ոչ։
– Ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը չարաշահումների հետ։ Իր եղբորն էլ տվել ենք դեռ իր հասանելիքից ավելի քիչ։
– Ավելի քի՞չ։ Քանի՞ հեկտար հող ունի։
– Բավական շատ հեկտար հող ունի Հովիկ Աբրահամյանը, Ջոնիկ Աբրահամյանը միայն 97 հեկտար խաղողի այգիներ ունի։
– Դա սեփականաշնորհման ժամանա՞կ է վերցրել։
– Իր սեփական հողամասում ինքը հողագործությամբ է զբաղվում հիմնականում։ Իր բիզնեսն է։
– Իսկ բացի խաղողի այգիներից, մոտավորապես քանի՞ հեկտար հող ունի։
– Չեմ կարող ասել, հիմա պատրաստ չեմ, համակարգիչ չեմ, որ ասեմ, բայց ունի բավականին լուրջ հողեր, որովհետեւ, որ հաշվարկում ենք, դեռ ինքը իր հասանելիքից ավելի քիչ է ստացել։
– Ստացվում է, որ գյուղացիներն այդտեղ հող չունեն, բոլոր հողերը Աբրահամյաններին են պատկանում։
– Եթե գյուղացիները պահանջում են, մենք ըստ կարիքի տրամադրում ենք։ Ուրեմն, պահանջարկ չի եղել, որ չեն ուզել։
Լ. Բ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում