Հատված ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) հարցազրույցից:
– Այժմ Ձեր մարզի հիմնական խնդիրը կարկտահարությունից տուժած գյուղացիներն են, որոնց բերքը վնասվել է, իսկ պետությունը պատշաճ փոխհատուցում չի տալիս։ Օր օրի մարզում սոցիալական բունտ է հասունանում, Դուք՝ որպես Արմավիրի մարզի բնակիչ, ի՞նչ լուծումներ եք տեսնում այդ հարցում։
– Ուղղակի եթե մարզպետը մարզպետարանում անձնական բիզնեսներով չզբաղվի, այլ զբաղվի իր իրական աշխատանքով, որը պարտավոր է իրականացնել, գյուղացու վիճակը շատ էլ լավ կլինի։ Եթե մարզպետը հենց ինքը բիզնեսմեն է եւ մեր մարզում աշխատելու տարիների ընթացքում արդեն օլիգարխ է դարձել, բնական է, որ ինքն արդեն կզբաղվի իր անձնական գործերով եւ ոչ թե գյուղացիների։
– Կոնկրետ խնդրում եմ նշել, թե մարզպետն ինչ բիզնեսով է զբաղված, որի պատճառով չի հասցնում գյուղացիների հոգսը հոգալ։
– Հիմնականում հանքարդյունահանման բիզնեսներով, տարբեր ավազի հանքեր ունի, շինարարությունը հիմնականում իրականացնում է իր ընտրած կազմակերպությունների միջոցով։ Բենզինի կալոնկեք ունի։ Ո՞նց կարող է մարդը, ունենալով բիզնես, հա՛մ նա անի, հա՛մ մյուսն անի, բնական է, որ ֆիզիկապես էլ նա չի կարող հասցնել։ Իսկ նրան քիչ է մնացել աշխատելու, հիմա փորձում է վերջին ժամանակներում իր ընտանեկան բյուջեն էլ ավելի մեծացնել։
– Իսկ Դուք ինքներդ՝ որպես այդ մարզից նախկինում ընտրված պատգամավոր, փորձե՞լ եք գյուղացիներին ինչ–որ ձեւով օգնել։
– Ես տեսնում եմ հարցի լուծումները, եթե ցանկություն կա, ապա շատ արագ ձեւով կարելի է օգնել գյուղացիներին։ Իհարկե, մարզպետն այդ ցանկությունը չունի, նա զբաղված է իր անձնական բիզնեսներով կամ անձնական գործերը առաջ տանելով։ Ինքը լավ կարող է սեղանների վրա թամադա լինել ու լավ անեկդոտներ պատմել մի քանի մարդկանց ուրախացնելու համար, որպեսզի նրանց սիրաշահի։ Ավել բան չի կարող անել։ Երեկ ես հեռուստատեսությամբ մի բան տեսա ու շատ եմ զայրացած, որ գյուղացիներին ասում է, թե գնացե՛ք ու ձեր ծառերը կտրեք։ Դա միայն հիմար մարդը կարող է ասել, քանի որ դա 20-30 տարեկան ծառ է, մարդիկ պայքարել են, պահել են, ջրել են, գումար են ծախսել, ու այդ մի ծառով մարդիկ ապրում են, իսկ ինքը մարդկանց ասում է՝ գնացեք, ձեր ապրուստի միջոցը կտրե՛ք, դա նորմալ մարդու ասելու բան չէ։ Ասում է՝ գնացե՛ք, դրուժբաները վեկալեք, կտրե՛ք, այսինքն՝ գոնե ինքը՝ որպես մարզպետ, լուծում առաջարկի, կանգնի յուրաքանչյուր գյուղացու կողքին, հակառակը՝ ինքը գյուղացիներին դրդում է, թե գնացեք, ձեր կանաչ ծառը կտրե՛ք:
– Գուցե փորձեիք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ անձա՞մբ զրուցել, հայտնել Ձեր մտահոգությունները։
– Ղահրամանյանի հետ ես ի՞նչ կարող եմ հանդիպել, Ղահրամանյանը նախկին միլիցիայի աշխատող է, ամբողջ կյանքում նա այնպիսի մարդկանց է ձերբակալել… հիմա նա գյուղատնտեսությունից ոչինչ չի հասկանում։ Նրա հետ ինչպե՞ս կարելի է գնալ հանդիպել կամ ինչ-որ մի բան բացատրել։ Մարզպետը որեւէ բան չի կարող անել, քանի որ նա ոչինչ չի հասկանում ու դրա ցանկությունն էլ չունի, որպեսզի մի լավ բան անի։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում