«Ազատություն» ռադիոկայան. Բանակցությունների նոր փուլի հետաձգման գլխավոր պատճառը Էրդողանի կառավարության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնի մեթոդներն են:
Չնայած պաշտոնական Անկարայի ակնկալիքներին` Եվրամիությանը անդամակցելու շուրջ պաշտոնական բանակցություններն այսօր չեն վերսկսվի: Դա պարզ դարձավ նախօրեին Բրյուսելում, երբ Գերմանիայի, Ավստրիայի եւ Նիդերլանդների դիվանագետները հրապարակեցին իրենց պետությունների միասնական մոտեցումը` կոչ անելով բանակցությունների պաշտոնական մեկնարկը հետաձգել առնվազն մինչեւ հոկտեմբեր:
Թուրքիայի հետ բանակցությունները հետաձգելու գլխավոր պատճառը վերջին շաբաթներին Ռեջեփ Էրդողանի կառավարության կողմից Ստամբուլում, Անկարայում եւ մի շարք այլ քաղաքներում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնի մեթոդներն էին:
Պատճառաբանելով կայացված որոշումը` Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարեց. – «Վերջին օրերի իրադարձությունները անարձագանք չէին կարող մնալ: Դրա հետ մեկտեղ, Եվրամիության եւ Թուրքիայի մերձեցումը չպետք է դադարի: Մենք չպետք է մոռանանք մեր երկարաժամկետ ռազմավարական շահերի մասին»:
Կարդացեք նաև
Թուրքիայի հետ բանակցությունների մեկնարկը հետաձգելու եւս մեկ կողմնակից` Ավստրիայի արտաքին գործերի նախարար Միխաել Շպինդելեգերը երեկ Վիենայում հայտարարեց. – «Նման հետաձգումը միանշանակորեն անհրաժեշտ էր, քանի որ մենք Եվրոպական միության ներսում չենք կարող երկակի չափանիշներ կիրառել: Մենք մի հանրություն ենք, որ հիմնված է եվրոպական արժեքների վրա: Դա նշանակում է, որ մարդկանց հիմնարար ազատությունները պետք է հարգվեն»:
Շպինդելեգերը նաեւ նշեց, որ Թուրքիայի համար առաջիկա ամիսները յուրատեսակ փորձաշրջան են լինելու, որի ընթացքում Եվրամիության պետությունները կդիտարկեն` արդյո՞ք Էրդողանի կառավարությունը հակված է հարգել ցույցերի եւ խոսքի ազատության` Թուրքիայի քաղաքացիների իրավունքը:
Անկարայում Եվրամիության կայացրած որոշումը թեեւ մեծ ոգեւորություն չառաջացրեց, սակայն այստեղ ընդգծում են նաեւ այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից Եվրամիության նախագահությունը ստանձնող Իռլանդիան երեկ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` նշելով, որ հոկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովից հետո Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսվելու են: Մասնավորաբար, ապասառեցվելու է բանակցային փաթեթի 23-րդ գլուխը, որը վերաբերում է Թուրքիայի վարած տարածաշրջանային քաղաքականությանը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարում էր. – «Մեզ համար ամենակարեւորն այն հավաստիացումն է, որ 23-րդ գլխի շուրջ բանակցությունների վերսկսման մասին որոշումը վերանայման ենթակա չէ: Խոչընդոտները հաղթահարված են, եւ մեր հաջորդ նպատակը եւս երկու ասպարեզներում բանակցությունների վերսկսումն է: Ամեն դեպքում, մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս որոշման համար»:
Գեւորգ Ստամբոլցյան