Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Ողջի գետի վարարման հետեւանքով Լեռնաձորում երկու կամուրջ է փլվել եւ հողատարածքներ վնասվել

Հունիս 26,2013 11:27

Երեկ ուշ երեկոյան Ողջի գետի վարարման հետեւանքով Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում գտնվող երկու կամուրջ է քանդվել, որոնք Լեռնաձոր գյուղի Ձագեձոր բնակավայրը կապում էին միջպետական մայրուղուն:

Երեկ երեկոյան դեպքի վայր է մեկնել նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ինչպես տեղեկացնում են փրկարարական վարչությունից՝ Ողջի գետի վարարման հետեւանքով քանդվել է 4 մ լայնությամբ 15 մ երկարությամբ եւ 7 մ լայնությամբ 20 մ երկարությամբ երկու կամուրջ, մարդկային տուժածներ բարեբախտաբար չկան, այդ պահին կամրջից օգտվողներ չեն եղել: Վարարած գետի ջրերը նաեւ քշել-տարել էին գետի հունի մոտ գտնվող տնամերձ այգիների որոշ հողակտորներ, վնասել բանջարաբոստանային կուլտուրաներ, ծառեր:

Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի փոխանցմամբ՝ հողատարածքներին հասցված վնասի չափն այդքան էլ մեծ չէ, ընդհանուր մոտ 1 հա տարածք կարող է լինել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել վնասը եւ քանդված կամուրջների փոխարեն նոր կամուրջներ կառուցել, գյուղապետարանի եւ կոմբինատի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով է արդեն ստեղծվել տեղում, որն էլ կուսումնասիրի եւ կճշտի հասցրած վնասի չափը:

Գյուղապետի խոսքով՝ կամուրջները շատ հին են եղել, Խորհրդային Միության տարիներին են եղել կառուցված, կոսմետիկ նորոգում արվել էր ժամանակին, բայց հիմքերն արդեն թուլացել էին, ուստի չդիմացան վարար ջրերի հոսանքին: «Գյուղը մեկուսացված չէ այս պահին, կա եւս մեկ կամուրջ, որով մարդիկ տեղաշարժվում են, այսօր հետիոտնի համար Քաջարանի կոմբինատը ժամանակավոր կամուրջ կգցի մինչեւ մյուսների կառուցումը: Քանդված կամուրջները հենց այսօր էլ կսկսեին կառուցել, ուղղակի Ողջի գետը շատ վարար է հիմա: Երեկ գյուղում շատ ուժեղ անձրեւ էր գալիս, մոտ 20-25 րոպե կարծես դույլերով ջուր լիներ թափվում վերեւից, ծառեր են պոկվել նույնիսկ, հորդառատ անձրեւների հետեւանքով խցանում առաջացավ Քաջարանի կոմբինատի պոչամբարի թունելում, ծառեր, ճղներ էին լցվել ու էդ խցանումից թունելի ջուրը բաց ընկավ եւ կամուրջների փլման պատճառ դարձավ», – նշեց Լեռնաձորի գյուղապետը:

Այս պահին դեռեւս ուսումնասիրություններ են կատարվում տեղում, որից հետո միայն պարզ կդառնա Ձագեձոր բնակավայրին հասցված ընդհանուր վնասի չափը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930